ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ, ինչպես և ում շնորհիվ խախտվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը. մանրամասներ
Հանրության շրջանում շատ է խոսվում Ադրբեջանի ու Հայաստանի միջև նախկինում խախտված ռազմական բալանսի մասին, ինչն էլ, ըստ էության, հանգեցրեց 44-օրյա պատերազմում մեր պարտությանը։ Այս մասին գրում է infoport.am-ը:
Այս համատեքստում քննարկումներ են ծավալվում նաև ՌԴ-ի և Ադրբեջանի միջև կնքված բազմամիլիարդանոց զենքի գործարքների մասին ու նաև միաժամանակ ՀՀ-ին տրամադրվող զենք-զինամթերքի քանակի խիստ սահմանափակումների մասին, ինչի մասին վերջերս ԱԺ-ում խոսել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այժմ ավելի դետալային անդրադառնանք այս հայտարարությանը՝ փորձելով հասկանալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բալանսի խախտմանը՝ հստակ փաստական տվյալներով։
Ըստ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI)՝ 2007-2008 թթ. Ադրբեջանի պաշտպանական ընդհանուր ներմուծման մեջ ռուսական սպառազինության մասնաբաժինը կազմել է մոտ 22%։ Մնացած տոկոսն էլ հիմնականում բաժին է ընկել Իսրայելին, Թուրքիային, Բելառուսին եւ Ուկրաինային։ Նույն ինստիտուտի արդեն 2017 թվականի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը ներառվել էր աշխարհում զենքի 40 խոշորագույն ներկրողների աղյուսակում՝ զբաղեցնելով 21-րդ տեղը։ Նրա հիմնական մատակարարներն են Ռուսաստանը 69 տոկոս, Իսրայելը 22 տոկոս, Բելառուսը 3,6 տոկոս։
ՌԴ-ից ձեռքբերվող հսկայական զինտեխնիկայի մասին 2017 թվականի սկզբին Դավոսում հայտարարել էր հենց Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինությունների մատակարարման շուրջ և հետաքրքրված է պաշտպանական նորագույն համակարգերով։
Ալիևն ասել էր, որ Ռուսաստանի հետ ստորագրվել են մոտ 5 մլրդ դոլարի գործարքներ, որոնց մեծ մասն արդեն իրագործված է։ Դրա մասին Ալիևը խոսել էր նաև 2018 թվականի սեպտեմբերի 1-ի՝ ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ համատեղ ասուլիսում՝ նշելով, որ մինչև հիմա ՌԴ-ից Ադրբեջան զենքի մատակարարման պայմանագրերը գնահատվում են 5 միլիարդ դոլար ու այդ թիվը դեռևս շարունակում է աճել։
Այսինքն, Ադրբեջանը 10-12 տարում զենքի համար ծախսել է մոտ 12-15 մլրդ դոլար։ Դրանից հետո այդ թվերը միայն աճել են։ Ադրբեջանը մոտ 15 տարում սպառազինության վրա ծախսել է մոտ 17-18 մլրդ դոլար, ինչ անհամեմատ ավել է Հայաստանի կողմից արված սպառազինության ծախսերից։
Ստացվում է, որ Ադրբեջանը 2007 թվականից սկսել է նորագույն զենքի գնման գործընթացը, իսկ ՀՀ-ն հապաղել է ու այդ գործընթացը սկսել միայն 2014 թվականից՝ այն էլ ոչ այն տեմպերով, ինչով Ադրբեջանն է գնել։
Մանրամասները` տեսանյութում: