![Մինասյանը հանրային պաշտոն զբաղեցնելուց հետո չի զբաղվել օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեությամբ](https://auroranews.am/storage/img/base_image/old/fb8f1e8225a760cc0b2d6f7946299409.webp)
Մինասյանը հանրային պաշտոն զբաղեցնելուց հետո չի զբաղվել օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեությամբ
![Մինասյանը հանրային պաշտոն զբաղեցնելուց հետո չի զբաղվել օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեությամբ](https://auroranews.am/storage/img/base_image/old/fb8f1e8225a760cc0b2d6f7946299409.webp)
ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը հերքել է այն տեղեկությունը, թե ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նախարար աշխատելու ընթացքում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր մամուլում տեղ են գտել հրապարակումներ այն մասին, որ 2022 թվականին ՀՀ Արդարադատության նախարար նշանակված Գրիգոր Մինասյանը միաժամանակ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։
Նշված հրապարակումը սուտ է և ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը: ՀՀ արդարադատության նախարար Գ. Մինասյանը հանրային պաշտոն զբաղեցնելուց հետո որևէ պահի չի իրականացրել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն և անհամատեղելիության պահանջի որևէ խախտում թույլ չի տվել:
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ հրապարակման մեջ վկայակոչված օրենսդրական կարգավորման համաձայն նախարար Մինասյանը իրեն պատկանող «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ի 60%-ի բաժնեմասը հավատարմագրային կառավարման է հանձնել դեռևս 2022 թվականի հունվարի 14-ին` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ նշանակվելուց երկու օր անց` բաժնեմասի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելով ֆիզիկական անձի հետ: Թեև տվյալ պահին գործող օրենդրությունը նշված պայմանագրի պետական գրանցման պահանջ չէր սահմանում, այդուհանդերձ, կնքված պայմանագիրը նաև ներկայացվել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:
Մամուլում տարածված հրապարակման պատճառը կատարված օրենսդրական փոփոխություններին անտեղյակությունն է:
2022թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքներով այժմ արդեն հավատարմագրային կառավարիչ կարող են լինել միայն անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները, իսկ բաժնեմասի հավատարմագրային կառավարման պայմանագիրն անհրաժեշտ է ներկայացնել պետական գրանցման:
Էական ենք համարում ընդգծել, որ`
- նոր իրավական կարգավորումներն ուժի մեջ են մտել 2023 թվականի հունվարից
- կարգավորումներից որևէ մեկը չի տարածվում նախկինում ծագած հարաբերությունների վրա
- կարգավորումներից որևէ մեկը չի նախատեսում մինչև դրանց ուժի մտնելը եղած դրության փոփոխություն:
2023 թվականի հունիսի 23-ին Գրիգոր Մինասյանը որոշել է լուծել նախկինում կնքված պայմանագիրն ու կնքել բաժնեմասի հավատարմագրային կառավարման նոր պայմանագիր: Նոր պայմանագրի կնքումը հաջորդել է հիշատակված օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուն, հետևաբար, այն արդեն կնքվել է առևտրային կազմակերպության հետ և ներկայացվել պետական գրանցման:
Քանի որ մամուլում տարածված հրապարակման հեղինակ փաստաբան Արսեն Բաբայանը ենթադրաբար լիարժեք չի տիրապետում իրավական նոր կարգավորումներին, ուստի հայտարարել է, որ դրանց համաձայն կնքված և պետական գրանցման ներկայացված բաժնեմասի հավատարմագրային կառավարման այս նոր պայմանագիրն առաջինն է, իսկ մինչ այդ նախարար Մինասյանն իրականացրել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն:
Մինչդեռ 2022 թվականի հունվարի 14-ին կնքված հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի մասին տեղեկությունն առկա է նաև պարոն Մինասյանի 2022թ. Գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում», - գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Գրիգոր Մինասյանը նախարար աշխատելու ընթացքում շուրջ վեց ամիս զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։