Եթե մի գյուղում չկա դպրոց, ամբուլատորիա, ինտերնետ, ճանապարհ, մարդը ո՞նց գնա ապրի. Փաշինյան

Երբ մենք խոսում էինք կրթահամալիրների կառուցման մասին, ասում էինք, որ հարակից գյուղերից դպրոց տանող ճանապարհները պետք է լինեն հիմնանորոգված ու բարեկարգ: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 «Երբ մի տեղ կրթահամալիր ենք կառուցում, հաջորդ խնդիրը պետք է լինի ճանապարհը, այնուհետեւ հաջորդ խնդիրը պետք է լինի այդտեղ առողջապահական ամբուլատոր ծառայությունները հասանելի լինեն նույն տրամաբանության մեջ: Մենք չենք ասում, որ ամեն գյուղում պետք է լինի ամբուլատորիա, բայց նորմալ ճանապարհով, նորմալ տրամաբանական  հեռավորության վրա հասանելիություն պետք է  ունենա նաեւ ամբուլատոր ծառայությունը:

Հիմա, դպրոցը ստեղծում ենք, ճանապարհը կառուցում ենք, ամբուլատորիան ստեղծում ենք, բայց գյուղն ունի շատ քիչ բնակչություն: Մեր հաջորդ գործողությունն այն է, որ մենք հիմա բնակարանների գնման վկայագրերով եւ բնակարանների կառուցման  ծրագրեր ունենք, որ առաջարկում ենք քաղաքացիներին: Այն բնակավայրերում, որտեղ պետական ներդրումներ ենք անում, բայց բնակչության թվի խնդիր ունենք, մենք մյուս ծրագրերը վերաձեւակերպում ենք եւ կոնկրետ անունով բնակավայրերում բոնուս ենք ավելացնում: Այսինքն մարդկանց ասում ենք, եթե դուք բնակարանի գնման վկայագրով բնակարան ձեռք կբերեք այս-այս գյուղերում, որտեղ մենք արդեն ունենք դպրոց, մանկապարտեզ, ձեր ԲԳՎ-ի վրա մենք լրացուցիչ տոկոս կավելացնենք, այսինքն բնակարան ձեռք բերելն ավելի մատչելի կլինի շահառուի համար»,-նշել է  Փաշինյանը:

 

 

Փաշինյանի խոսքով, երբ ուսումնասիրում են դատարկվող գյուղերի վիճակը, տեսնում են, որ այնտեղ ապրելու պայմաններ չկան.

 

 «Ասենք, եթե չկա դպրոց, չկա մանկապարտեզ, չկա ճանապարհ, չկա առողջապահություն, չկա ինտերնետ, մարդը ո՞նց գնա ապրի»:

Քաղաքականություն