Հնարավոր է` ՀՀ–ում ռուսական դպրոցներ բացվեն հայ–չինական դպրոցի օրինակով. Անդրեասյան

Հայաստանում ռուսական դպրոցների բացման շուրջ քննարկումները շարունակվում են, դրանք կարող են ստեղծվել հայ–չինական դպրոցի օրինակով, սակայն ՀՀ օրենսդրության շրջանակում։ Հայ–ռուսական գիտակրթական համաժողովի ընթացքում այս հայտարարությունն արել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը․ հայտնում է Sputnik Armenia-ն։

 

Անդրադառնալով Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու համար ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին` նախարարը շեշտել է, որ հեռավար ձևաչափով արդեն մի քանի հանդիպում եղել է։

 

«Մենք հիմնականում 2 ուղղությամբ ենք հարցեր քննարկում։ Մեկն այն համագործակցությունն է, որ կարող ենք ունենալ մեր օրենսդրության շրջանակներում։ Արդեն խոսել եմ հայ–չինական դպրոցի մասին, որը մեր երկրում գործում է և նման համագործակցության շատ լավ օրինակ է։ Մենք հնարավոր ենք համարում նաև նմանատիպ համագործակցություն ՌԴ–ի հետ, կրկին մեր օրենսդրության շրջանակում»,– նշել է Անդրեասյանը։

 

Նա վստահեցրել է` իրենք ամեն կերպ ուշադրության կենտրոնում են պահում ՀՀ–ում գտնվող ՌԴ քաղաքացիների կրթական իրավունքի ապահովման հարցը։

 

ԿԳՄՍ նախարարը շեշտել է, որ Հայաստանի և Ռուսաստանի բուհերի միջև երկկողմ հուշագրեր են ստորագրվելու, որոնք հարաբերությունների հետագա զարգացման համար լավ հնարավորություն կստեղծեն։ Անդրեասյանը հույս հայտնել է, որ այս երկու օրվա ընթացքում կկարողանան նախանշել համագործակցության նոր ծրագրեր` դրանք կարող են լինել դասախոսների, ուսանողների փոխանակման ծրագրեր, համատեղ այլ ծրագրեր։

 

Քաղաքականություն