«ՀՀ կառավարության կողմից ոչ մի խոչընդոտ չկա Ամուլսարի շահագործման համար»․ Բաբկեն Թունյան

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը նաև անվտանգային խնդիրներ է լուծում, քանի որ եթե այդ նախագծում ներգրավված է միջազգային կապիտալ, նշանակում է այն ունի զսպող ազդեցություն սահմանային միջադեպերի առումով։ «Հետքին» տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։

 

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության կողմից ոչ մի խոչընդոտ չկա հանքի շահագործման համար, և գնդակը տնտեսվարողի դաշտում է։ Թունյանը նշեց, որ մինչև այս տարեվերջ շինարարական աշխատանքները կվերսկսվեն։ 

 

Անդրադառնալով պատժամիջոցների թեմային՝ Բաբկեն Թունյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը երբեք միտումնավոր Հայաստանը չի դարձնի տարանցիկ երկիր Ռուսաստանի համար՝ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու նպատակով, և այս պահի դրությամբ ռիսկը նվազագույն է, որ Հայաստանը նույնպես կարող է հայտնվել արևմտյան պատժամիջոցների տակ։ 

 

ՀՀ կառավարության կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող ֆինանսական աջակցության մասին՝ Բաբկեն Թունյանը նշել է, որ ֆինանսավորման չափը ներառված է ոչ միայն 2023 թվականի պետական բյուջեի ծրագրում, այլ նաև միջնաժամկետ ծախսերի ծրագրում, որը առաջիկա երեք տարիների համար նախանշում է եկամուտների և ծախսերի հիմնական ուղղությունները։ Թունյանը պնդում է, որ Հայաստանի կառավարությունը ըստ անհրաժեշտության՝ Արցախին բավարար չափով ֆինանսական աջակցություն տրամադրում է և կշարունակի տրամադրել։