Ջերմուկում Վահան Քերոբյանը քննարկել է զբոսաշրջության ոլորտը զարգացնելուն առնչվող հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ջերմուկում զբոսաշրջությունը զարգացնելու համար քննարկումներ է ունեցել ոլորտի ներկայացուցիչների հետ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Ջերմուկի ղեկավար Վահագն Արսենյանը։
Նշենք, որ Քերոբյանը Ջերմուկում է աշխատանքային այցի շրջանակներում։
«Հանդիպման մասնակիցները քննարկել են 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը` ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերը»,– գրել է Արսենյանը։
Նա ընդգծել է, որ խոսել են նաև առաջիկայում նախատեսվող հանդիպումների, փառատոնների, միջոցառումների և տեղեկատվական արշավների կազմակերպման մասին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2022-ի սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։