ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բազմաթիվ ծնողներ են լսել, ինչպես է ՔՊ-ական պաշտոնյան զոհվածների ծնողներին ասում՝ փնթիներ
Արմավիրի մարզի ընդանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում ընթանում է անհետ կորածների ծնողներին «փնթիներ» ասած Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ՔՊ-ական Սերոբ Սարգսյանի եւ լրագրող Լիա Սարգսյանի գործով դատական նիստը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է Լիա Սարգսյանը՝ դատական նիստի առանցքում անցած տարի ապրիլի 30-ին Երեւանի Նալբանդյան փողոցում Ցորի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողների եւ Սերոբ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպն է։ Դեպքի օրը երեկոյան լրագրող Լիա Սարգսյանը «ֆեյսբուքյան» իր էջում հրապարակել էր միջադեպի վայրից լուսանկար եւ գրել․
«Նալբանդյան փողոցի այս խանութի աշխատակիցը զոհվածների ծնողների երթը տեսնելիս նրանց անվանեց՝ փնթիներ: Հռհռում էր ընկերների հետ։ Եթե դու քեզ համարում ես բարոյական մարդ, երբեք չմտնես այս խանութ»։ Այնուհետեւ, ճշտելով զոհվածների ծնողներին «փնթիներ» ասած անձի ինքնությունը, խմբագրել էր գրառումը։
«Զոհվածների ծնողներին «փնթիներ» ասած անձը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է՝ Սերոբ Սարգսյանը: Խնդրեմ: Եւ այս ստորի համար զոհվել են հազարավոր տղերք, եւ այս ստորը ապրում է ձեր կողքին: Ի դեպ, տեղեկացրին, որ այս ստորը իբր կապ չունի խանութի հետ, պարզապես վախից մտավ խանութ, դուռը ներսից փակեց ու հայտարարեց. «մասնավոր տարածք ա, դուրս եկեք»: (Խմբագրված) Քիչ առաջ տեղեկացրին, որ խանութն իրենն է»,-գրել էր նա:
Սերոբ Սարգսյանը դիմել է դատարան՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով։ Դատական նիստին վկայի կարգավիճակով ներկա կլինեն 44-օրյա պատերազմում Ցորի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները։
Լրագրողների հետ զրույցում Անահիտ Մանասյանը, որը զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մորաքույրն է, նշել է.
«Եթե հիշում եք, 2022 թվականի ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, մենք, դրան ի պատասխան, ապրիլի 18 դատախազություն հաղորդում ներկայացրինք հանցագործության վերաբերյալ և կոչ արեցինք բոլոր զոհված զինծառայողների ծնողներին միանալ մեր բողոքի ակցիաներին: Ապրիլի 30-ին մեր հերթական բողոքի ակցիայի օրը... մեկը ձեռքով էսպես ցույց է տալիս, ասում է` հլը էս փնթիներին նայեք»:
Մանրամասները` տեսանյութում:






























