
Նազարբաևի եղբորորդու դեմ քրգործով Ղազախստանին է վերադարձվել 14 միլիոն դոլար

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի եղբորորդու՝ Քայրաթ Սաթիբալդիուլիի գործով հաջողվել է պետությանը վերադարձնել 14 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Կոռուպցիայի հակազդման գործակալությունը Քայրաթ Սաթիբալդիուլիին և այլ անձանց նկատմամբ շարունակվող հետաքննության շրջանակնում միջոցներ է ձեռնարկում երկրից ապօրինի դուրս բերված ակտիվները, այդ թվում՝ հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցներն ու այլ գույքը վերադարձնելու ուղղությամբ:
«Մայիսի վերջին հակակոռուպցիոն ծառայության կողմից օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ միջազգային համագործակցություն ապահովող գլխավոր դատախազության հետ համատեղ Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձվել է 14 միլիոն դոլար ընդհանուր գումարի դրամական միջոցներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ նշված միջոցները կօգտագործվեն սոցիալական նպատակներով։