Մոսկվայում անօդաչուները հարվածել են երկու բնակելի շենքի

Մոսկվայում անօդաչու թռչող սարքերի հարվածից երկու բնակելի շենք է վնասվել։ Ինչպես Ria.ru-ի հետ զրույցում նշել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը, շենքերից մեկը գտնվում է Պրոֆսոյուզնայա փողոցում, մյուսը՝ Ատլասովի փողոցում։ Անօդաչուների հարվածների հետևանքով տուժածներ չկան։

 

«Անօդաչուները հարվածել են Պրոֆսոյուզնայա փողոցի 98 հասցեում գտնվող բնակելի շենքի վերին հարկերին։ Քանդվել են տան ճակատն ու պատուհանները։ Տուժածներ չկան»,– ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ նմանատիպ միջադեպ է գրանցվել նաև Ատլասովի փողոցում գտնվող 24-հարկանի բնակելի շենքում։


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր թելեգրամյան ալիքում հաստատել է նորությունը՝ ընդգծելով, որ հարձակման հետևանքով լուրջ տուժածներ չկան, իսկ արտակարգ իրավիճակների ծառայությունները գտնվում են դեպքի վայրում և փորձում են պարզել միջադեպի պատճառները։ Նա նաև կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին ու չտարածել չհաստատված տեղեկություններ։

Սոբյանինի խոսքով՝ շենքերն աննշան վնասներ են կրել։ Արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատանքի ընթացքում բնակիչները տարհանվել են, սակայն ավելի ուշ վերադարձել են իրենց բնակարաններ։