ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը շնորհավորել է Էրդողանին. Անկարայում հավաքվել են նրա հազարավոր կողմնակիցներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Էրդողանի հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքներին միացել են նաև Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Լիբիայի Ազգային միասնության կառավարության ղեկավար Աբդել Համիդ Դբեյբան։
Նշենք, որ Էրդողանի հազարավոր կողմնակիցներ արդեն հավաքվել են Անկարայում նրա նստավայրի դիմաց։ Սպասվում է, որ Էրդողանը ելույթ կունենա։
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հաղթել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։
Նրա մրցակիցը ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն էր, որին այդպես էլ չհաջողվեց անցնել քվեարկության արդյունքների 50 տոկոսի շեմը։
Թուրքիայում քվեաթերթիկների ավելի քան 98 տոկոսի հաշվարկից հետո պարզ է դառնում, որ Էրդողանը հավաքել է 52,12 տոկոս ձայն:
Քըլըչդարօղլուն, վերջին տվյալներով, ունի ձայների 47,88 տոկոսը։
Երկրորդ փուլում հաղթած Էրդողանն ասել է, որ ընտրությունները երկրում «ժողովրդավարության տոն են»։
Քըլըչդարօղլուն ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության ամենաանարդար փուլերից մեկը։