ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հարաբերությունների, Ուկրաինայում պատերազմի և ՀԱՊԿ-ից հիասթափության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-5-ին Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել CNN primanews հեռուստաընկերությանը:
Կառավարության լրատվական ծառայությունը ներկայացրել է հարցազրույցի սղագրությունը, որից մի հատված ներկայացնում ենք ստորև․
CNN primanews – Հայաստանը 90-ականների սկզբից ի վեր բավականին մեծ կախում ունի Ռուսաստանից անվտանգության տեսանկյունից, դուք ունեք ռուսական ռազմաբազա Հայաստանում, ունեք ռուսական սպառազինություն, երկուսդ էլ անվտանգային պայմանագրի կազմակերպության անդամ եք, ուստի ես մի տեսակ երկակի հարց ունեմ՝ դա խելացի՞ քայլ էր, և մյուս կողմից այլ տարբերակներ ունեի՞ք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ըստ էության, մենք այսօր գտնվում ենք մի իրավիճակում, երբ որոշակի հիասթափություն կա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության վերաբերյալ, որովհետև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այն հիմնական մեխանիզմն է, որով Հայաստանի Հանրապետությունը պիտի ապահովեր իր անվտանգությունը: Բայց 2021 թվականի մայիսին և նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիաների ընթացքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պատշաճ արձագանքը որոշակի հիասթափություն է առաջացրել առաջին հերթին Հայաստանի ժողովրդի շրջանում, որովհետև որոշակի վստահություն կար, որ Հավաքական անվտանգության պայմանագիրը հուսալի մեխանիզմ է անվտանգության ապահովման:
Բայց դա տեղի չունեցավ, և նաև սա էր պատճառը, որ մենք ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովի ընթացքում հնարավոր չհամարեցինք կոնսենսուսի հաստատումը մի շարք հիմնարար փաստաթղթերի վերաբերյալ: Բայց ես ուզում եմ, որ մենք հարցը դիտարկենք նաև հակառակ կողմից, որովհետև դա վնասակար է նաև կազմակերպության համար, որովհետև, ըստ էության, այն ինչ տեղի ունեցավ իմ նշած ժամանակաշրջանում Հայաստանի հետ, դա առաջին հերթին հարվածում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հեղինակությանը: Այսինքն, սա նաև հենց իր՝ կազմակերպության համար որոշակի հետևանքներ կունենա:
CNN primanews – Կարծում եմ՝ ամբողջ պատերազմի ընթացքում, և անցյալ տարվա նոյեմբերին Երևանում կայացած գագաթնաժողովի ժամանակ, երբ Դուք հրաժարվեցիք ստորագրել փաստաթուղթը, և պարոն Լուկաշենկոն ցնցված էր, իսկ պարոն Պուտինն ակնհայտորեն զայրացած էր, ես նրան երկար ժամանակ այդքան զայրացած չէի տեսել, և զայրացած թողեց հեռացավ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դրանք աշխատանքային իրավիճակներ են, և Ձեր նշած ամփոփումից հետո աշխատանքային ճաշ է տեղի ունեցել, և մենք հանդարտ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկել ենք գործերի ընթացիկ վիճակը և թե ինչպես կարող ենք հաղթահարել ստեղծված իրավիճակը:
CNN primanews – Ինչպե՞ս են Ձեր անձնական հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ. նա կարծես շատ սառը մարդ է, գրեթե առանց զգացմունքների: Նրա հետ աշխատանքային հարաբերություններ ունե՞ք, կամ անձնական հարաբերություններ ունե՞ք, թե՞ ոչ, թե՞ դա երկու պետության գործն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ընդհանուր առմամբ, պիտի ասեմ, որ էկրաններից երևացող տպավորությունները, իրական կյանքի տպավորությունները, այն բարդությունները, որոնք մենք ապրում ենք և այն բարդ ժամանակաշրջանները, որոնցում մենք գտնվում ենք, տարբեր շերտեր են իրականում: Եվ այո՛, մեր շփումը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ շատ ինտենսիվ է եղել և շարունակում է ինտենսիվ լինել:
Մենք այս ամիս առնվազն 2 անգամ կհանդիպենք: Եվ պիտի ասեմ, որ դա և՛ անձնական շփում է, և՛ քաղաքական շփում է, և՛ աշխատանքային շփում է: Այլ բան, որ հատկապես հիմա մենք շատ չենք քննարկում, կամ համարյա չենք քննարկում այն հարցերը, որոնք չեն վերաբերում մեր երկկողմ հարաբերությունների օրակարգին կամ մեր տարածաշրջանային օրակարգին: Ես Ձեզ անկեղծ մի բան ասեմ՝ Հայաստանը չափից ավելի մեծ խնդիրներ ունի՝ ավելի լայն տարածաշրջանի և աշխարհամասերի հոգսը նույնպես իր ուսերին կրելու համար: Մեր հոգսերը, ցավոք, ավելի քան բավարար են, և մենք մեր հարաբերություններում՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ, փորձում ենք լուծել մեր օրակարգի խնդիրները, ինչն ինչպես տեսնում եք, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է:
CNN primanews – Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումն ուկրաինական պատերազմի, Ուկրաինայի վրա ռուսական ագրեսիայի վերաբերյալ, որովհետև մի կողմից դուք Ռուսաստանի դաշնակիցն եք, մյուս կողմից մենք ականատեսն ենք լինում Ռուսաստանի Դաշնության կողմից շատ անցանկալի արարքների Ուկրաինայում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Դուք ասացիք, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք: Իհարկե, սրա մասին երբեք բարձրաձայն չի ասվել, բայց կարծում եմ՝ դա տեսանելի է. Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա:
Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք: Որովհետև, ընդ որում, թվում է, թե կա տարբերակ խուսանավել այս բոլոր բախումների միջև, բայց նաև ճշմարտությունն այն է, որ ինչքան բարդանում է իրադրությունը, այնքան նեղանում է խուսանավելու հնարավորությունը: Մենք ոչ թե խուսանավում ենք նրա համար, որ մենք կարծիքներ չունենք իրավիճակի վերաբերյալ, այլ մենք խուսանավում ենք քիչ առաջ իմ ասածի պատճառով, որ մեր հոգսերը, ցավոք, ավելին են, քան թույլ կտան մեզ ավելի շատ ներգրավված լինել այլ հոգսերի լուծման գործում: