
Հռոմի պապը սեռական բռնարարներին թշնամիներ է անվանել և հորդորել սիրել նրանց

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սեռական բռնարարներին նողկալի թշնամիներ է անվանել, սակայն հորդորել է սիրել նրանց։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ Ֆրանցիսկոսն իր կարծիքը կիսել է ճիզվիտական միաբանության անդամների հետ մասնավոր զրույցում ապրիլի վերջին Հունգարիա կատարած այցի ժամանակ։ Վատիկանի ղեկավարը եզրակացրել է, որ բռնարարները, ինչպես մյուս մարդիկ, արժանի են քրիստոնեական սիրո և հոգատարության։
«Հանցագործը թշնամի է. մեզանից յուրաքանչյուրը դա զգում է, քանի որ կարեկցում է վիրավորվածի տառապանքը... Անգամ վիրավորողի հետ զրույցը զզվանք է առաջացնում, դա հեշտ չէ։ Բայց նրանք նաև Աստծո զավակներ են: Նրանք արժանի են պատժի, բայց արժանի են նաև հովվական հոգածության»,- ասել է հովվապետը։
Հունվարին Ֆրանցիսկոսը հայտարարեց, որ միասեռականությունը մեղք է, բայց ոչ հանցագործություն։ Պոնտիֆիկոսը կոչ է արել բոլոր կաթոլիկ եպիսկոպոսներին «ողորմություն ցուցաբերել» ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչներին։ Նրա խոսքով, մերձավորի հանդեպ ողորմության բացակայությունը պակաս մեղք չէ, քան նույնասեռականությունը։