
Չավուշօղլուն Մոսկվայում կհանդիպի Լավրովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պատրաստվում է բանակցություններ վարել ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մայիսի 10-ին Մոսկվայում կայանալիք Սիրիայի հարցով քառակողմ գագաթնաժողովի շրջանակում։ Նրա խոսքերը մեջբերում են թուրքական լրատվամիջոցները։
«Այսօր Ռուսաստանը հաստատել է ամսաթիվը (...) Մայիսի 10-ի առավոտյան մենք ընդհանուր ժողով կանցկացնենք, իսկ կեսօրից հետո երկկողմ հանդիպում կլինի Լավրովի հետ»,- ասել է նախարարը։
Այս շաբաթվա սկզբին Չավուշօղլուն հայտնել էր, որ մայիսի 10-ին Մոսկվայում նախատեսված է Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Մայիսի 5-ին նա պարզաբանել է, որ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Իրանը հանդիպմանը, քանի որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ կարող է մեկնել Աֆրիկա։ Այս դեպքում նրան կփոխարինի մեկ այլ պաշտոնյա Մոսկվայում կայանալիք բանակցություններում։
Ապրիլին չորս երկրների պաշտպանության նախարարները հանդիպել են Մոսկվայում։ Այն ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նշել էր, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, կողմերն ընդգծել են քառակողմ ձևաչափով երկխոսությունը շարունակելու կարևորությունը։