Ղրղզստանում դատարանի որոշմամբ արգելվել է «Ազատություն» ռադիոկայանի գործունեությունը

Այսօր Բիշքեկի դատարանը որոշում է կայացրել Ղրղզստանում արգելել «Ռադիո Ազատ Եվրոպա/Ռադիո Ազատություն» մեդիա կորպորացիայի ղրղզական ծառայության գործունեությունը:

 

Այսպիսով դատարանը բավարարել է երկրի մշակույթի նախարարության պահանջը։ Որոշումն ընդունվել է անցած տարվա հոկտեմբերին ղրղզերեն և ռուսերեն Ռադիո «Азаттык» կայքերի արգելափակումից հետո։ Մինչ այս «Ազատություն» ռադիոկայանը հրաժարվել էր իրենց կայքերից հեռացնել Ղրղզստան-Տաջիկական սահմանին մահացու ելքով բախումների կադրերը։ Մեդիակորպորացիայի նախագահ Ջեյմի Ֆլայը դատարանի որոշումը «վրդովեցուցիչ» է անվանել։

 

Մշակույթի նախարարությունը պնդում էր, որ մեդիակորպորացիայի կայքերում տեղադրված տեսանյութում միակողմանիորեն նշվում է տաջիկական կողմի դիրքորոշումը։

 

Լրատվական կորպորացիայի ղեկավարությունը Բիշքեկի իշխանությունների քայլը համարել է ազատ լրատվամիջոցների հետապնդում, որը խարխլում է Ղրղզստանում ժողովրդավարությունը։

Քաղաքականություն