ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետական այրերի այցից առաջ ստուգել են անմար կրակի մոտ խոնարհված ծաղիկները

Այսօր Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցն է: Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր հայերի սգո երթը լուռ շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթող, ծաղիկներ խոնարհում շուրջ 1,5 միլիոն զոհերի հիշատակին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և բարձրաստիճան այլ անձինք հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

 

Այս ամբողջ ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խստացված ռեժիմով են աշխատում հատկապես Պետական պահպանության ծառայության աշխատակիցները: 
MediaHub-ի հրապարակած տեսանյութում ՊՊԾ աշխատակիցը ստուգող սարքով շոշափում է անմար կրակի մոտ խոնարհված ծաղիկները՝ անվտանգության նկատառումներից ելնելով:  

Հիշեցնենք, որ այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը: Չնայած ապրիլի 24-ն է համարվում որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, սակայն հայերի ջարդերն սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին, երբ 1892-1923 թվականներին Թուրքիայի կառավարող շրջանները` սկզբում Համիդյան Թուրքիան, ապա Երիտթուրքերի կառավարությունը, կազմակերպեցին ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։

 

1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում թուրքական իշխանությունների հրամանների հիման վրա ձերբակալվեցին ավելի քան երկու հարյուր հայ մտավորականներ՝ գրողներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, իրավաբաններ, բժիշկներ, պատգամավորներ: Նրանք բոլորը աքսորվեցին և դաժանորեն սպանվեցին:

 

1965 թ. ապրիլի 24-ին Խորհրդային Հայաստանում կազմակերպվեցին ցույցեր, որոնց մասնակիցները պահանջեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր հայերի սգո երթը լուռ շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթող, ծաղիկներ խոնարհում շուրջ 1,5 միլիոն զոհերի հիշատակին: 

 

Քաղաքականություն