ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջահերով երթը՝ Հայաստանում, Արցախում և աշխարհի բազմաթիվ երկրներում
Ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին ընդառաջ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած ամենամյա ջահերով երթը, մեկնարկեց Հանրապետության հրապարակից՝ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրմամբ։ Երթը, ավանդույթի համաձայն, ավարտվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում։ Այս տարի երթը կրում էր «Մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ` պայքար» խորագիրը։
Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից Ամիրյան պողոտայով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղից էլ՝ Կիևյան փողոցով հասան Ծիծեռնակաբերդ։ Հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված երթն ավարտվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով: