ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուրախ եմ ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով եմ վերադառնում․ Դավթյանին զուռնա-դհոլով դիմավորեցին

Ուրախ եմ ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով եմ վերադառնում: Դժվար էր: Անկախ ամեն ինչից, մի փոքր զգացողությունը կար, որ Թուրքիայում ենք:

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը, փոխանցում է News.am-ը։ 

 

Նշվում է, որ նախորդ գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով, զուռնա-դհոլով դիմավորեցին Թուրքիայից վերադարձած Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանին, փոխչեմպիոն Վահագն Դավթյանին եւ Հայաստանի թիմին:

 

Չեմպիոնին եւ փոխչեմպիոնին դիմավորելու էին եկել մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարմնամարզիկներ, Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի մարզիչներն ու մարզիկները, Արթուր Դավթյանի ծնողները, կինը եւ 3-ամյա դուստրը:

 

«Շատ ուրախ եմ ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով եմ վերադառնում:

Հենացատկում դժվար պայքար էր: Անգլիացի Ջեյք Ջարմանն իր ցատկը 4 տասնորդական ավելի բարձր կատարեց: Ինձ ոսկե մեդալ շնորհեց երկրորդ ցատկս, որը շատ հստակ էր:  Իմ եւ անգլիացի մրցակցիս միավորների տարբերությունը չնչին էր, բայց ուրախ եմ, որ ոսկե մեդալ նվաճեցի: Դժվար էր, բայց հաջողությամբ արեցի այն, ինչ անում էի մարզումներին:

Մի փոքր լարվածություն կար այն առումով, որ Թուրքիայում էինք: Իհարկե, մեզ շատ լավ ընդունեցին, ոչ մի խնդիր չկար, բայց, անկախ ամեն ինչից, մի փոքր զգացողությունը կար, որ Թուրքիայում ես: Ամեն դեպքում շատ ուրախ եմ, որ կարողացա մեր դրոշը բարձրացնել եւ հիմնը հնչեցնել: Այդքան էլ կապ չունի՝ Թուրքիայում ես, թե այլ երկրում, ուրախալի է այն փաստը, որ ամբողջ Եվրոպայում դու հաղթող ես:

Նժույգ թափերի բրոնզե մեդալի համար եւս շատ ուրախ եմ: Ցավոք, տղաները չկարողացան հաղթահարել որակավորման փուլը եւ դուրս գալ եզրափակիչ: Ես կարողացա իմ վարժությունը լավ կատարել եւ մեդալի համար պայքարելու հնարավորություն ստանալ: Եզրափակիչում վարժության մեջ որոշակի փոփոխություն արեցինք եւ մաքրության հաշվին բրոնզե մեդալ նվաճեցի»,- ասել է Արթուր Դավթյանը:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին  Արթուր Դավթյանի փառահեղ հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնությունում:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը փայլուն ցատկերով Անթալիայում հռցաչվեց Եվրոպայի չեմպիոն: Նրա պատվին հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացավ դրոշը: 

 

Տեսանյութը՝ News.am