Շոյգուի հրամանով Խաղաղօվկիանոսյան նավատորմը տագնապի ահազանգով ոտքի է հանվել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի անսպասելի ստուգման մեկնարկի մասին. նավատորմը տագնապի ահազանգով ոտքի է հանվել ամբողջական կազմով: Այն կբերվի մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի: Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ստուգման ընթացքում հանձնարարել է առանձին հսկողության տակ առնել ռազմավարական սուզանավերի՝ զենք կիրառելու պատրաստությունը։

Որպես ստուգման նպատակ է նշվում «պոտենցիալ թշնամու ագրեսիան ետ մղելու խնդիրները լուծելու կարողության բարձրացում»։ Սերգեյ Շոյգուի խոսքով՝ ստուգման շրջանակներում «կմշակվեն հարավային Կուրիլյան կղզիներում և Սախալինում հակառակորդի վայրէջքները հետ մղելու գործողություններ»։

«Զվեզդա» հեռուստաալիքը հաղորդում է, որ ապրիլի 14-ի առավոտյան ամբողջական կազմով ոտքի հանված Խաղաղօվկիանոսյան նավատորմի անսպասելի ստուգմանը ներգրավված են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը, զորամասերը և օժանդակ ստորաբաժանումները։ Հեռահար ավիացիայի հրամանատարության և Արևելյան ռազմական օկրուգի ավիացիայի ինքնաթիռները նույնպես կներգրավվեն Հեռավոր Արևելքում չհայտարարված ստուգմանը:

«Ամբողջ ստուգումը տեղի կունենա երեք փուլով. առաջին փուլում նավատորմը կդրվի լիարժեք մարտական պատրաստության, կստուգվեն հակաօդային պաշտպանության ուժերը և հերթապահ ավիացիոն ստորաբաժանումները»,- նշել է Վալերի Գերասիմովը: Դրանից հետո, ինչպես պարզաբանել է նա, կապահովվի մշտական պատրաստության ուժերի տեղակայումը բազային կետերից մարտական պատրաստության վայրեր։ Ստուգման երրորդ փուլում կմշակվեն մարտական պատրաստության առաջադրանքներ։

Վերջին անգամ Խաղաղօվկիանոսյան նավատորմում հանկարծակի ստուգում է իրականացվել 2022 թվականի նոյեմբերին։

Քաղաքականություն

Պատահարներ