Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցն է

Ապրիլյան քառօրյա պատերազմից 7 տարի է անցել։ 2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտերն ընթանում էին ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։ 

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը կորցրեց 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավելի վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ն ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել էին ավելի ուշ, հոսպիտալներում): 

Ադրբեջանական կողմը ևս լուրջ կորուստներ է կրել այդ պատերազմում՝ և անձնակազմում, և ռազմական տեխնիկայի մեջ: Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ մոտ 270 ադրբեջանցի է զոհվել: 

Հակառակորդը հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերին և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին, որի հետևանքով նաև երախա է զոհվել՝ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ 

Հայաստանից և Արցախից կամավորների մեծ հոսք եղավ, որոնք ոչ միայն ղարաբաղյան պատերազմի վետերաններն էին «Երկրապահների» միությունից, այլև բազմաթիվ երիտասարդներ. նպատակը մեկն էր՝ կանգնել շարքային զինվորների կողքին ու թույլ չտալ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը, պահել Արցախը: 

Համայն հայության շրջանում, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, աննախադեպ համերաշխության և օգնության հասնելու ալիք բարձրացավ, որին լծվեցին հանրության ամենատարբեր շերտերը՝ ուսանողներից մինչև կամավորներ։ Աշխարհի տարբեր կետերում ի պաշտպանություն Արցախի բազմաթիվ միջոցառումներ էին կազմակերպվում՝ բողոքի ակցիաներ` ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հանդեպ գործադրած ագրեսիայի դադարեցմանը։ 

Ապրիլի 5-ին Մոսկվայում ՌԴ ԳՇ պետի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի բանակների ԳՇ պետերը կրակի դադարեցման բանավոր համաձայնություն է ձեռք բերվում: Նույն օրը Վիեննայում Արցախի Հանրապետության հակամարտության կարգավորման հարցով հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հաջորդող օրերին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը հիմնականում պահպանվեց, թեև Ադրբեջանը շարունակեց պարբերաբար դիվերսիայի փորձեր ձեռնարկել: 

 

Քաղաքականություն

Պատահարներ