Նորմալ բանակցողի դեպքում Վաշինգտոնյան հանդիպմանը պետք էր հասնել մեր հայրենակիցների վերադարձին․ Աշոտյան

Ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչպես են Իսրայելն ու Պաղեստինը փոխանակում պատանդներին և կալանավորներին։ Փոխանակման այս արարը ներառում է նաեւ աճյունների և մասունքների փոխանակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:


«Ինչքա՜ն հույզեր, մարդկային ողբերգության և հերոսության պատմություններ կան այս կադրերի հետում։


2020-ի նոյեմբերի 9-ից հետո մենք նույնպես պիտի վերջ տայինք ազգային ամոթի գոնե այդ խնդրին, այնինչ Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց, ըսկ հետո՝ պատանդառեց Արցախի ղեկավարությանը։


Անցել է 2-5 տարի, իսկ մեր հայրենակիցները իրենց ընտանիքների եւ մեր կողքին չեն։ Էլ չասեմ մի քանի հարյուր անհետ կորած կամ չնույնականացված տղերքի մասին…


Թրամփի քավորությամբ տեղի ունեցող փոխանակումը ապացուցում է, որ նորմալ բանակցողի դեպքում գոնե Վաշինգտոնյան հանդիպմանը կարելի էր եւ պետք էր հասնել մեր բոլոր հայրենակիցների վերադարձին։ Այնինչ Նիկոլի համար այդ մարդիկ, այդ ընտանիքները, այդ ճակատագրերը որեւէ արժեք չունեն։


Նայում եմ ուրիշների ուրախությանը… հավատում եմ, սպասում եմ եւ իմ համեստ ուժերի չափով պայքարում եմ իմոնց, մերոնց վերադարձի համար։


Բայց չեմ կարող չասել՝ ամոթ մեզ բոլորիս, որ ցայսօր մեր տղաների, մեր հայրենակիցների վերադարձի հարցը լուծել չենք կարողացել։


Հազար ամոթ, հորս արեւ…»,- գրել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ