Աշտարակում մեծ բունտ է հասունանում. ամբուլատորիայի ընտանեկան բժիշկ տնօրենին փոխարինել են մանկապարտեզի դաստիարակով

 Փետրվարի1-ին խոշորացված համայնքի 8 ամբուլատորիաների տնօրեններին համայնքապետը տեղեկացրել է, որ նրանք այլևս չեն կարող պաշտոնավարել որպես տնօրեններ: Խնդիրն այն է, որ տնօրենները նույն ընտանեկան բժիշկներն են: Աշտարակի համայնքապետարանում համարում են, որ դա օրենքի խախտում է: Տնօրեններին ազատել են աշխատանքից ու նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ: Այս մասին գրում է 168.am-ը:

 

Տնօրենները այդ որոշումից հետո դիմել են «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը իրենց իրավունքների ոտնահարման հարցով:

 

«Մենք շատ երկար համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին բացատրեցինք, որ իրենք օրենսդրական սխալ են գործել, սակայն վերջիններս անդրդվելի էին: Խնդրի վերաբերյալ գրություն ենք ներկայացրել Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին: Հիմա այնտեղ դեռ լսումներն այդ հարցով ընթանում են: Վաղը պետք է վերջին լսումը լինի, սակայն չսպասելով տեսչական մարմնի որոշմանը՝ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը և ևս մի քանի հոգի գնացել են Փարպիի ամբուլատորիա ու տնօրեն Օֆելյա Մկրտչյանին հայտնել են, որ ինքն արդեն աշխատանքից ազատված է»,- լրատվականի հետ զրույցում ասել է «Առողջության իրավունք» ՀԿ-ի համահիմնադիր Անուշ Պողոսյանը:

 

Նրա խոսքով՝ ըստ «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի՝ գյուղական ամբուլատորիաների տնօրեններին համայնքապետարանը պետք է նշանակի լիազոր մարմնի, այսինքն՝ Առողջապահության նախարարության կողմից ստեղծված օրենսդրության հիման վրա, իսկ նախարարության համապատասխան կարգով թույլատրվում է, որ ամբուլատորիաների տնօրենները լինեն ընտանեկան բժիշկներ:

 

«Համայնքապետարաը մեջ է բերում «ՊՈԱԿ-ների մասին» օրենքը, սակայն այդ օրենքում հստակ գրված է, որ այն կազմված է այլ օրենսդրական կարգավորումներից, այսինքն՝ այդ թվում նաև՝ «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքից: Այսինքն՝ որևէ օրենսդրական բաց չկա, և ՀՀ գրեթե բոլոր գյուղական համայնքների ամբուլատորիաները ղեկավարվում են ընտանեկան բժիշկների կողմից»,- ասել է իրավապաշտպանը:

 

Լրատվականի հարցին՝ արդյո՞ք նոր նշանակված տնօրենն էլ է բժիշկ, Անուշ Պողոսյանը նկատեց՝ մեր տեղեկություններով՝ վերջինս Փարպիի մանկապարտեզում դաստիարակ է աշխատել մինչ այս նշանակումը:

 

«Այսինքն՝ բժշկական մասնագիտական կրթություն չունեցող անձ է նշանակվողը, ինչը կարգի խիստ խախտում է: Գյուղական ամբուլատորիաներում տնօրենի պաշտոն կարող է զբաղեցնել բացառապես մանկաբույժը, ընտանեկան բժիշկը կամ թերապևտը»,- ասաց Անուշ Պողոսյանը:

 

Ըստ նրա՝ սկսել են Փարպիի ամբուլատորիայից, ենթադրաբար գործընթացը շարունակական կլինի:

168.am-ը զրուցեց նաև Փարպիի ամբուլատորիայի՝ աշխատանքից ազատված տնօրեն Օֆելյա Մկրտչյանի հետ:

«Շատ շնորհակալ ենք Անուշ Պողոսյանին և Ծաղիկ Վարդանյանին: Իրենք մեր թիկունքին կանգնեցին, նամակները գրեցին, հանդիպումներ կազմակերպեցին»,- ասել է բժիշկը, ապա հավելեց՝ Փարպիի բժշկական ամբուլատորիայում որպես տնօրեն աշխատել է 1978թ.-ից, նաև որպես բժիշկ է աշխատել մինչ այսօր:

 

«Ես եմ դրել այդտեղ հիմքը ընտանեկան բժշկության: Համաշխարհային բանկի ծրագրով վերապատրաստվել եմ մեկ տարի, առաջիններից մեկն եմ եղել ընտանեկան բժշկության ոլորտում: Եվ ընդհանրապես ամբուլատորիայի շենքի կառուցման մեջ մեծ ավանդ ունեմ: Այդ շենքը հասարակական հիմունքներով է կառուցվել, իմ համառ ջանքերի շնորհիվ, որովհետև նախկինում տարածքը վարձակալվում էր: Նախորդ դարի 80-ական թթ. գյուղխորհրդի նախագահ, լուսահոգի Նշան Հարությունյանի օգնությամբ ու Փարպիի բնակիչների ջանքերով կառուցվեց ամբուլատորիայի շենքը: Այդ շենքի վրա պետականորեն ոչ մի լումա չի դրվել: Հիմա այդ շենքից էլ են ուզում ինձ հանել»,- լրատվականի հետ զրույցում ասել է Օֆելյա Մկրտչյանը:

 

Նրա խոսքով՝ հետագայում շենքը ԾԻԳ-ի ծրագրով, բարերարների օգնությամբ վերանորոգվել ու կահավորվել է:

«Շատ լավ ենք աշխատել, առ այսօր բացարձակապես ոչ մի խնդիր չենք ունեցել մինչև խոշորացումը: Համայնքների խոշորացումից հետո ինձ և ևս 7 ամբուլատորիաների տնօրենների կանչեցին ու ասացին, որ ազատում են աշխատանքից: Ընդ որում, ամբուլատորիա կա, ուր տնօրենը նաև միակ բժիշկն է»,- ասել է Օֆելյա Մկրտչյանը: Նրա խոսքով՝ ընտանեկան բժիշկների մեծ պահանջարկ կա, և հիմա եղածներին էլ ազատում են աշխատանքից:

 

Օֆելյա Մկրտչյանը նշեց՝ ընտանեկան բժիշկների ինստիտուտը կայացած է բացառապես գյուղական համայնքներում, որովհետև գյուղերում, ուր տարբեր մասնագետների խնդիր կա, ընտանեկան բժիշկները տարբեր գործառույթներ են կատարում:

 

«Ես արդեն բավական երկար տարիներ եմ աշխատում: Խնդիրն իմ մեջ չէ: Ավելին, ես երիտասարդ կադր էի գտել, համոզել էի, որ գյուղ գա ու իմ փոխարեն աշխատի, ինչպես ես եկա ժամանակին Երևանից, բայց երևի այլ թեկնածու ունեին»,- ասաց Փարպիի ամբուլատորիայի տնօրենը:

 

Օֆելյա Մկրտչյանը նույնպես ասաց, որ իր փոխարեն ամբուլատորիայի տնօրեն նշանակված անձը մանկապարտեզում դաստիարակչուհի է աշխատել:

«Մեր պացիենտն է, մեր գյուղի բնակիչ: Կարծեմ մանկավարժական կրթություն ունի: Ինձ համար շատ անսպասելի կերպով երեկ 5 հոգով մտել են իմ կաբինետ ու ասել՝ ես այլևս չեմ աշխատում, և իմ փոխարեն նոր մարդ է նշանակված»,- ասել է բժշկուհին:

 

Հարցին՝ որքա՞ն հիվանդ է ընդունում օրական Փարպիի ամբուլատորիան, նախկին տնօրենը պատասխանեց՝ 2 ամսվա ընթացքում, ըստ իրենց ներկայացրած հաշվետվության, ունեցել են 700 այցելու:

 

«Մենք Աշտարակի համայնքապետարանից չենք ֆինանսավորվում: Ընտանեկան բժիշկները հավաքագրում են հիվանդներ, պետությունն էլ սպասարկվող հիվանդների քանակով ֆինանսավորումը տրամադրում է: Աշխատավարձերն էլ ըստ գործակիցների են սահմանված»,- ասաց Օֆելյա Մկրտչյանը:

 

Փարպիի ամբուլատորիայի նախկին տնօրենի խոսքով՝ Առողջապահության նախարարության արձագանքն ադեկվատ է:

«Նախարարությունից ասել են, որ ընտանեկան բժիշկները կարող են լինել նաև տնօրեններ, և դա օրենքին չի հակասում, ինչպես Աշտարակի համայնքապետարանից են պնդում: Հիմա ինչո՞ւ են նման բան անում, իմ աշխատանքից դժգո՞հ էին… Թող բնակչությանը հարցնեն: Կրկնում եմ, մենք խնդիր չենք ունեցել մինչ այն պահը, երբ համայնքները խոշորացվել են: Երևի Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը մտածել է՝ այստեղ եսիմ ինչեր կան, որ ուզում է իր մարդուն նշանակել»,- ասաց Օֆելյա Մկրտչյանը:

Բժիշկը հավելեց՝ իրենք նաև Ազգային ժողովում (ԱԺ) են եղել:

 

«Առողջապահության հարցերի մշտկան հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասաց՝ ճիշտ է, օրենքը լրացնելու կարիք ունի, բայց այս տեսքով անգամ այդ օրենքը ոչ թե ձեր դեմ, այլ ձեր օգտին պետք է աշխատեր, գնացեք, հանգիստ աշխատեք»,- ասել է Օֆելյա Մկրտչյանը՝ հավելելով՝ չգիտես ինչու, այս խնդիրը միայն Աշտարակ համայնքում է առաջացել:

 

Auroranews.am-ը Աշտարակի քաղաքապետարանի խոսնակին գրավոր հարցադրումներ է ներկայացրել` առաջացած խնդրահարույց հարցերի հետ կապված: Մասնավորապես, ինչու է ընտանեկան բժշկի փոխարեն նշանակվել մանկավարժ, ինչով է պայմանավորված Օֆելյա Մկրտչյանին փոխարինելու հապճեպությունը, որքանով է իրենց քայլերը տեղավորվում օրենքի սահմանների մեջ:

 

Հարցերի պատասխանը ստանալուն պես` կներկայացնենք Ձեր ուշադրությանը: 

Քաղաքականություն