Պեսկովը հայտնել է, թե ինչ է պատրաստել Պուտինը Սի Ծինփինի համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հյուրի՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի համար միշտ պատրաստ է պահում ռուսական պաղպաղակ, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Միանշանակ»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը այն հարցին, թե արդյոք Մոսկվան Չինաստանի ղեկավարին ռուսական պաղպաղակ կհյուրասիրի։

«Պաղպաղակը միշտ պատրաստ է, հաշվի առնելով, որ Սի Ծինփինը շատ է սիրում այն»,- ասել է Պեսկովը։
 

Մի քանի տարի առաջ Արեւելյան տնտեսական ֆորումի շրջանակում չինացի գործարարները Պուտինին ասել են, որ ռուսական պաղպաղակը Չինաստանում շատ տարածված է։ Չինաստան կատարած իր հերթական այցի ժամանակ՝ 2016 թվականին, նախագահը Սի Ծինփինին նվեր է տարել մի տուփ պաղպաղակ։
 

«Քանի որ նախագահ Սի Ծինփինը նշել է, որ սիրում է ռուսական պաղպաղակ, ուստի ես այն որպես նվեր եմ բերել, մենք նրա հետ մի քանի մանրուք ենք փոխանակում», - պարզաբանել է այն ժամանակ ռուսական պետության ղեկավարը։ 2019 թվականին, երբ երկու առաջնորդներն էլ Դուշանբեում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդմանն ուղղված գագաթնաժողովին էին, Պուտինը մեքենայով գնացել է Սի Ծինփինի նստավայր և ծննդյան օրվա առթիվ նվիրել նաև պաղպաղակ: