
Թուրքիայում ազգայնականներն անկարգություններ են սկսել ֆուտբոլային խաղի ժամանակ

Թուրքիայի արևմուտքում գտնվող Բուրսա քաղաքում հակաքրդական ակցիա է կազմակերպվել. ազգայնականները «Բուրսասպոր»-«Ամեդսպոր» (Դիարբեքիրը ներկայացնող թիմ, Դիրաբեքիրում է բնակվում քրդական մեծամասնությունը) ֆուտբոլային խաղի ժամանակ անկարգություններ են կազմակերպել։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեռևս գիշերը «Բուրսասպորի» երկրպագուներն իրարանցում են առաջացրել այն հյուրանոցում, որտեղ կանգ են առել «Ամեդսպորի» ֆուտբոլիստները։ Նրանք ռասիստական կարգախոսներ են հնչեցրել և ճայթռուկներ վառել։
Իսկ խաղի ընթացքում «Բուրսասպորի» երկրպագուները Մահմութ Յըլդըրըմի պատկերով (թուրքական հետախուզության գաղտնի գործակալ, ակտիվորեն պայքարում էր Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ) պաստառներ են բարձրացրել։
Երբ «Ամեդսպորի» խաղացողները դուրս են եկել խաղադաշտ, «Բուրսասպորի» երկրպագուները վանկարկել են. «Հայրենիքն անբաժանելի է։ Ես երջանիկ եմ, որ թուրք եմ։ Ջախջախիր նրան, ով կհամարձակվի նայել քո հայրենիքին, որդիս։ Վրեժ»։
Ավելի վաղ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը կասկած էր հայտնել, որ իրավապահ մարմիններին կհաջողվի ապահովել դիարբեքիրցի ֆուտբոլիստների անվտանգությունը։
Այսօր նա Twitter-ում հրապարակել է տրիբունաների և «Ամեդսպոր» թիմի տուժած դարպասապահի լուսանկարները։