Քիմիկոսները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան-ն:

 

Կենտրոնի ջրավազանը օտարվել է, որպեսզի դրա տեղում բազմահարկ շենք կառուցվի։ Չնայած նրան, որ դեռևս շինարարական աշխատանքներ չեն իրականացվում, տարածքն արդեն պարսպապատված է։ Այս պահին կառուցապատողը ջրամատակարարման խնդիրներն է լուծում, և գիտնականներն արդեն բողոքում են, որ չեն կարողանում աշխատել՝ թանկարժեք սարքավորումներ պարունակող լաբորատորիաները ցնցվում են շինարարական տեխնիկայի գործողություններից։

 

«Կոռուպցիայի օգնությամբ տարածքը վաճառվել է, հիմա նույն կոռուպցիայի օգնությամբ հորատումներ են իրականացվում։ Ուզում ենք հասկանալ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ՞ այս մասից, թե՞ աչքկապոցի է սա։ Մեզ պետք է կառավարության դիրքորոշումը»,- ասել  է   կենտրոնի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը։

 

Ըստ Sputnik Արմենիա-ի` ցուցարարները չեն հասկանում, թե ինչու պետք է ջրավազանի տարածքում 14 հարկանի շենք կառուցվի։ Գիտնականները  վրդովված են, թե ինչու պետք է գիտական կարևոր գործունեությամբ զբաղվող կենտրոնը տեղափոխվի այլ վայր, եթե այն իր ներկայիս հասցեով գործում է 1950-ականներից։

 

Ավելի վաղ Green Property Development ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Նարեկ Մանուկյանը հայտարարել էր, որ իրենք ոչ միայն սեփականության իրավունք ունեն, այլև իրականացված ողջ աշխատանքն օրինական է։

 

Ջրավազանի տարածքը օտարվել է դեռ 2006 թվականին, կադաստրային արժեքից 40 անգամ ցածր և շուկայական արժեքից գրեթե 220 անգամ ցածր գնով։ Ավելին` օտարված տարածքը գտնվում է այն հողերի ցանկում, որոնք չեն կարող սեփականության իրավունքով փոխանցվել քաղաքացիներին և իրավաբանական անձանց։ Դեռ 2016 թվականին ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։

 

Հետագայում գործը կարճվել է վերոնշյալ անձանց պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանալու պատճառով։ Տվյալ դեպքում տուժող է համարվում Երևանի քաղաքային համայնքը՝ որպես թաղային համայնքների իրավահաջորդ։ 2019 թվականին դատախազությունը քաղաքապետարանին առաջարկել է միջոցներ ձեռնարկել գույքը վերադարձնելու և վնասը փոխհատուցելու ուղղությամբ, սակայն տարածքը մնացել է օտարված։


 

Քաղաքականություն