Ֆիրդուսի բնակիչները պահանջում են իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ

Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։ Այս մասին գրում է Sputnik Արմենիա-ն:

 

2015 թվականին, կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել «Ֆիրդուսի» թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։

 

«Դա իմ պապական տունն է, ես այդտեղ եմ մեծացել։ Տունը եռահարկ է և գտնվում է քաղաքի կենտրոնում, բայց ինձնից փորձում են այն կոպեկներով գնել։ Սա ոչ թե հանրային շահ է, այլ բիզնես, որի արդյունքում կառուցապատողը գերշահույթներ կստանա»,- լրագրողների հետ զրույցում ասել է թաղամասի բնակիչ Ռաֆայել Սաֆարյանը։

 

Նա հավելել է, որ թաղամասի 112 բնակիչներ նամակ են ստացել մինչև ապրիլի 15-ը տարածքն ազատելու անհրաժեշտության մասին։ Սաֆարյանը նշեց, որ իրենք չեն պատրաստվում լքել իրենց տները,մինչև չստանան իրենց գույքի շուկայական արժեքը`+15%։

 

«Մենք ուզում ենք, որ մեզ կառավարությունում ընդունեն և վերջապես լսեն»,- ասաց թաղամասի մյուս բնակիչը։

 

Ֆիրդուսի թաղամասում, որը մոտ 5 հա տարածք է, նախատեսվում է կառուցել նոր բնակելի ՝ «33-րդ» թաղամաս, որտեղ կլինեն բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ։ Հատակագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ,- խմբ.), գլխավոր ճարտարապետը՝ Հովհաննես Մութաֆյանը:

 

Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:

 

Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին: Ըստ կառուցապատման նախագծի՝ Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ:

Քաղաքականություն

Պատահարներ