Հրդեհից մահացած զինծառայողների ծնողները մեկ շաբաթ ժամանակ են տվել կառավարությանը
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի զոհ դարձած զինծառայողների ծնողներն ու հարազատները մեկ շաբաթ ժամանակ են տվել կառավարությանը, որպեսզի հանդիպում կազմակերպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Ըստ նրանց` եթե մեկ շաբաթում հանդիպում չկազմակերպվի, իրենք կդիմեն այլ գործողությունների։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ զինծառայողների ծնողները վաղ առավոտյան նախ հավաքվել էին պաշտպանության նախարարության, ապա կառավարության շենքի դիմաց։ Հետո նրանք մտել էին գործադիր մարմնի շենք։ Ծնողնեի խոսքով` նրանց խոսք են տվել կարճ ժամանակում հանդիպում կազմակերպել Փաշինյանի ու Պապիկյանի հետ։
«Մի ամիս անցել է, ոչ մի նորմալ հետաքննություն չկա։ Գոնե գային, մեզ հետ խոսեին մարդավարի, բացատրեին` ինչը ինչ է, մենք այսքան չէինք բորբոքվի ու այստեղ չէինք գա»,– ասաց զոհված զինծառայողների հարազատներից մեկը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։