ԱՄԷ-ի ցուցահանդեսին հայկական 18 ընկերություն ներկայացրել է ռազմական նշանակության ձեռքբերումները
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի ազգային ցուցահանդեսների կենտրոնում (ADNEC) մեկնարկել է «ԱՅԴԵՔՍ 2023» (IDEX 2023) պաշտպանական տեխնոլոգիաների 16-րդ միջազգային ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Հայկական 18 ընկերություններ «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը: Ցուցադրված են ոչ միայն պատրաստի արտադրանքներ, այլ նաև նորարարական նախագծեր:
Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը շրջել է ցուցահանդեսի 12 թեմատիկ ցուցասրահներով, ծանոթացել ցամաքային, ծովային և հակաօդային պաշտպանության ոլորտների վերջին տեխնոլոգիաներին, մտքեր փոխանակել հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
«ԱՅԴԵՔՍ» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը համարվում է Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում ամենահեղինակային և ռազմավարական կարևորագույն միջոցառումներից մեկը, համախմբում է պաշտպանական արդյունաբերության առաջատար և հեղինակավոր ղեկավարներին, ինչպես նաև տարբեր նորարար տեխնոլոգիական ընկերություններին, տեխնոլոգիական ոլորտի հայտնի փորձագետներին:
Միջոցառումը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ, բաղկացած է համաժողովից և ցուցահանդեսից, որոնց նպատակն է ստեղծել հարթակ՝ քննարկելու ոլորտի վերջին զարգացումները, միտումները և նորարարական լուծումները, որոնք կուղեկցվեն ոլորտի լավագույն փորձի և ձեռքբերումների ցուցադրմամբ:
[973e7c085a3695c98e6537a51c591613.jpg]
[f0620a1ca7b6f09e6dd62934ceaca85d.jpg]
[f0620a1ca7b6f09e6dd62934ceaca85d.jpg]
[56a0130d5c894fdd8f4b440764ee7324.jpg]
[3736a2e8f1c4f66d157fd692c48f9abb.jpg]
[3736a2e8f1c4f66d157fd692c48f9abb.jpg]