Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մի խումբ աշխատակիցներն այս պահին բողոքի ցույց են անում

Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մի խումբ աշխատակիցներ այս պահին բողոքի ցույց են անցկացնում Վարդենիսի ոստիկանության դիմաց՝ կապված տնօրենի ու երեք աշխատակիցների ձերբակալման հետ։ 

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը: Աշխատակիցները պնդում են, որ  ձերբակալումն անհիմն է։ 

 

«Այս պահին աշխատակիցների 60 տոկոսը մասնակցում է ցույցին: Ոստիկանները ձերբակալել են «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի միակ հոգեբույժին: Կալանավորումը անհիմն է»,- ասել է «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի իրավաբան Ստեփան Դավթյանը: 

 

Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ  քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ:

 

Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարույթային գործողությունների արդյունքում՝ փետրվարի 16-ին տուն-ինտերնատի բաժանմունքներից մեկի իր հիվանդասենյակում, ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված, հայտնաբերվել է հիվանդներից մեկը: Այնուհետև, նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

 

Մասնավորապես, հիվանդներից մեկը նրա խոզանոցում կատարում է մաքրման աշխատանքներ, նաև տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարում տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն: Բացի դրանից, ըստ տեղեկությունների՝ տնօրենը բուժվողներին ենթարկում է խոշտանգման և հանձնարարում, որ նրանց չտրամադրեն հասանելիք ծխախոտի չափաբաժինը և օրվա ճաշացանկով նախատեսված սնունդը:

Քաղաքականություն