Թուրքիայում տասնյակ մարդիկ հետախուզվում են. ձերբակալվել է 150 մարդ

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից տուժած վայրերում թալանով զբաղվելու կասկածանքով ավելի քան 150 մարդ է ձերբակալվել։ Այս մասին գրում է «Haberturk»-ը: 

 

Հաղորդվում է, որ  երկրաշարժի հետաքննության ընթացքում կալանավորվել է 83 կասկածյալ։ Իսկ տարածաշրջանում գողության, թալանի և որակավորված խարդախության հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 152 կասկածյալ։

 

Նշվում է, որ ձերբակալություններն իրականացվել են հիմնականում Քահրամանմարաշ, Մալաթիա, Օսմանիե նահանգներում։ Կասկածյալների ընդհանուր թիվը 309 է։ Տասնյակ մարդիկ հետախուզվում են։

Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ կոշտ պայքար են մղելու աղետի գոտում թալանով զբաղվողների դեմ։ Տեսանյութեր հրապարակվեցին, թե նրանք, ինչպես են դաժանորեն պատժում կողոպտիչներին: 

 

Հիշեցնենք` փետրվարի 6–ին Թուրքիայի Քահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Վերջին տվյալներով` երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38 հազարի:

Քաղաքականություն