Արևմտյան զենքի մատակարարումը Ուկրաինա միայն երկարացնում է հակամարտությունը․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով Կիևին հեռահար հրթիռներ մատակարարելու մասին Պենտագոնի հայտարարությունը՝ հիշեց Վլադիմիր Պուտինի խոսքը Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված համերգի ժամանակ:
«Կարևոր է չմոռանալ Պուտինի երեկվա հայտարարությունը Վոլգոգրադում»,- ասել է նա։ Նախօրեին ՌԴ ղեկավարն ասել էր, որ նրանք, ովքեր ակնկալում են հաղթանակ տանել Ռուսաստանի նկատմամբ մարտի դաշտում՝ եվրոպական երկրներին ներքաշելով նոր առճակատման մեջ, չեն հասկանում, որ «Ռուսաստանի հետ ժամանակակից պատերազմն իրենց համար բոլորովին այլ կլինի»։ Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան իր տանկերը չի ուղարկում արևմտյան երկրների սահմաններ, սակայն նա «պատասխանելու բան ունի, և զրահատեխնիկայի օգտագործումը կշարունակի»։
ԱՄՆ-ն երեկ հայտարարել է Ուկրաինային 2,2 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին: Այն ներառում է հակաօդային պաշտպանություն, հեռահար հրթիռներ։
Պենտագոնը պարզաբանել է, որ Վաշինգտոնը Կիևի հայեցողությանն է թողնում Ղրիմը հարվածելու համար այդ զինատեսակների օգտագործման հնարավորությունը։
Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները աջակցում են Կիևին՝ նրան ուղարկելով տասնյակ միլիարդավոր դոլարների զենք:
Մոսկվան իր հերթին բազմիցս ասել է, որ արևմտյան զենքի մատակարարումը միայն երկարացնում է հակամարտությունը։
Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ընդգծել էր, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավված են Ուկրաինայի հակամարտության մեջ՝ «ներառյալ ոչ միայն զենքի մատակարարումը, այլև անձնակազմի պատրաստումը» Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում։