2022-ին արտահանվել է ավելի քան 400 մլն դոլարի ադամանդ

Հայաստանից մշակված ադամանդի արտահանման ծավալները տարեցտարի ավելանում են, 2022-ին արտահանվել է ավելի քան 400 մլն դոլարի ադամանդ, աշխարհի առաջատար ադամանդագործական ընկերություններ Հայաստանում մշակման գործարաններ հիմնելու նախագծեր են սկսել, որոնք հիմա ավարտին են մոտենում:

 

Հայաստանից արտահանումը նախորդ տարի աճել է 77.7 տոկոսով: Այս աճը ապահովվել է շատ տարբեր ապրանքատեսակների արտահանման հաշվին: Վերաարտահանումը զգալի մաս է կազմել: Իսկ վերաարտահանման նպատակով տեղում արվում են որոշակի վերամշակման գործողություններ, այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

 

«Որոշակի կատեգորիաների մասով մեր հետևողական աշխատանքը սկսում է արդեն շատ լավ արդյունքներ տալ: Օրինակ, պետք է նշեմ ադամանդագործությունը: 2020 թվականին ընդհանուր 75 մլն դոլարի կարգի մշակված ադամանդի արտահանում ենք ունեցել, 2021-ին՝ մոտ 175 մլն դոլարի, 2022-ին՝ ավելի քան 400 մլն դոլարի: Իսկ այս տարի պլանավորում ենք էլ ավելի բարձր ցուցանիշներ, քանի որ անցյալ տարի մի քանի խոշոր ադամանդագործական ընկերություններ աշխարհի առաջատարներից Հայաստանում մշակման գործարաններ հիմնելու նախագծեր են սկսել, որոնք հիմա ավարտին են մոտենում: Եվ կարծում ենք, որ այս տարի, օրինակ, ադամանդագործության ոլորտում մեր արած աշխատանքը տալիս է զգալի արդյունք»,-հայտնել է Քերոբյանը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ