
Ադրբեջանի քաղաքացիություն ընդունող հայերը, կբախվեն մոլեգնող հակահայկական տրամադրություններին.ադրբեջանցի լրագրողը քննադատել է սեփական իշխանություններին

Ադրբեջանցի լրագրող Բաշիր Կիտաչաևը ծավալուն հոդված է հրապարակել: Նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը շրջափակելուն, արցախահայության հումանիտար ճգնաժամին, հայատյացությանը, Ադրբեջանի կողմից հայկական պատմությունը խեղաթյուրելուն: Հոդվածը հրապարակված է openDemocracy անկախ մեդիա հարթակում:
Ադրբեջանցի լրագրողը նշել է, որ ադրբեջանցիները, իբրև «բնապահպանական ակտիվիստներ» են, արդեն երկրորդ ամիսն է, ինչ փակ պահելով Լաչինի միջանցքը, Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի համար հումանիտար ճգնաժամի պատճառ են դարձել:
Հեղինակը նշել է, որ չնայած բազմաթիվ կոչերին, ճանապարհը շարունակում է փակ մնալ:
«Ղարաբաղին սննդի և բժշկական անհրաժեշտ պարագաների մատակարարումների ընդհատումը հումանիտար ճգնաժամի պատճառ է դարձել։ Մրգերի և բանջարեղենի պաշարները նվազում են, մանկական կաթի փոշիների պաշարները, ըստ տեղեկությունների, սպառվել են: Ընդհատվել է նաև էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը, որն անցնում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով»,-գրված է հոդվածում:
Հեղինակը անդրադարձել է Ալիևի հայտարարություններին, թե ով չի ուզում ԼՂ-ում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, ճանապարհը բաց է, կարող է հեռանալ ՝ հավելելով, որ Ալիևի հայտարարությունը խոստովանություն է, թե Ադրբեջանի իշխանությունն է հենց կառավարում շրջափակումը՝ չնայած երկրի իշխանությունները հերքել են իրենց ներգրավվածությունն այդ ակցիային:
«Ղարաբաղի ցանկացած հայ, որ կընդունի Ադրբեջանի քաղաքացիություն, կբախվի մոլեգնող հակահայկական տրամադրություններին կամ հայատյացությանը, որը սնուցվում է պետության կողմից»- հավելում է լրագրողը:
Ադրբեջանցի լրագրողը հոդվածում ընդգծում է այն հանգամանքը, որ ադրբեջանական մամուլում հայերը միշտ բացասաբար են հիշատակվում և ներկայացվում են որպես «ստոր պատմական թշնամիներ»: Նա նաև նշում է, որ ադրբեջանցի հեղինակները փորձել են արդարացնել իրենց գործերում հայերի նկատմամբ ատելության խոսքի օգտագործումը։
«Ադրբեջանը նաև փորձել է վերաշարադրել Լեռնային Ղարաբաղի պատմությունը՝ հայերին, որոնք այս տարածաշրջանում բնակվում են մ.թ.ա. 6-րդ դարից, ներկայացնելով որպես եկվորներ։ Պետությունը պնդում է, որ ռուսները հայերին վերաբնակեցրել են Կովկասում և Ղարաբաղում 19-րդ դարում՝ ադրբեջանցիների դեմ կռվելու համար»,-գրում է հեղինակը:
Նա հիշատակում է նաև քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին հերոսի կոչում տալու՝ Ադրբեջանի իշխանությունների քայլի մասին:
«Ադրբեջանը սրում է հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում, այնինչ կարող է պայմաններ ստեղծել երկու երկրների միջև խաղաղության համար»,-եզրափակում է ադրբեջանցի լրագրողը: