Հասարակություն Կարևոր

Հաստատվեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը. ինչ փուլերով այն կներդրվի

 ՀՀ կառավարությունը հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ համակարգի ընդունումը պայմանավորված է բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող  յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ ու ժամանակին ծառայությունների տրման անհրաժեշտությամբ՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից։

 

Հայաստանի առողջապահության ֆինանսավորման համակարգի գնահատման միջազգային համեմատականները և ծախսարդյունավետ ծրագրերի մասով դիտարկումները ցույց են տալիս, որ համապատասխան ֆինանսական միջոցների պայմաններում առողջապահության համակարգը գործում է արդյունավետ և հնարավորություն է տալիս գրանցել բարելավվող ոչ ֆինանսական ցուցանիշներ՝ կյանքի միջին տևողության աճի, մայրական մահացության, երեխաների մահացության նվազման տեսքով:

 

«Սակայն, երբ դիտարկում ենք այն միջոցները, որոնց հաշվին ապահովվում են այդ ցուցանիշները, ապա նկատելի է, որ Հայաստանը ունի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շատ երկրների համեմատ ցածր պետական ֆինանսավորում՝  վերջին 25 տարիների ընթացքում ապահովելով առողջապահության բնագավառի մասով համախմբված բյուջեի ծախսերի 5.4%-ը կամ ՀՆԱ-ում շուրջ 1,4%-ը, որն առնվազն 4 անգամ պակաս է Հայաստանի հետ միևնույն եկամտային խմբում գտնվող երկրների միջին ցուցանիշներից։ Ոչ բավարար չափով ֆինանսավորումը բերել է ծառայությունների մատուցման համակարգի մասնատման, իրական ծախսերից ցածր փոխհատուցվող գների, բժշկական մասնագիտացված անձնակազմի բացակայությանը մարզերում: Ֆինանսական մատչելիության ցածր մակարդակը բերել է բժշկական կազմակերպությունների թերի ծանրաբեռնվածությանը և ֆինանսական պատճառներով ոչ աղքատ բնակչության 12,6%-ը, աղքատների 24,5%-ը և ծայրահեղ աղքատների 49%-ը չի հաճախում ԱԱՊ բժշկի:

Առողջապահության պետական ֆինանսական միջոցների պակասը և փաստացի կատարվող ծախսերի անկառավարելիությունը խոչընդոտում են համակարգի զարգացմանը և բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը, նպաստում բազմաթիվ ընտանիքների աղքատացման առողջապահական աղետալի ծախսերի պատճառով, խոչընդոտում  բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության և ֆինանսական մատչելիության բարելավմանը: Տնային տնտեսությունների եկամուտներից առողջապահական ծախսերին 10%-ից ավելին ուղղելու ցուցանիշով (16.1%), Հայաստանը գերազանցում է համաշխարհային (12.7%) և տարածաշրջանային (7.4%) միջին ցուցանիշները: Բնակչության շուրջ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս շուրջ 6%-ը աղքատանում է՝ ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է տարածաշրջանում:

 

Միջազգային փորձի տեսանկյունից բազմաթիվ երկրներ վաղուց ներդրել են առողջապահական ծախսերի խառը ֆինանսավորման համակարգ՝ բժշկական պարտադիր ապահովագրություն, և ներկայումս նրանց հիմնական ռազմավարական խնդիրն է համընդհանուր ծածկույթի ապահովումը բնակչության բոլոր խմբերի համար։ Այս տեսանկյունից, Հայաստանը նույնպես պետք է կիրառի առողջապահական արդյունավետ համակարգեր ունեցող երկրների փորձը` ապահովելով բնակչության ֆինանսական հասանելիությունը և պաշտպանվածությունը հիմնական ծառայությունների փաթեթում ընդգրկված ծառայություններ ստանալիս, կրճատելով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց կատարվող աղետալի ծախսերը և դրա հետևանքով աղքատացող բնակչության թվաքանակը, բարձրացնելով առողջապահության բնագավառում ծախսվող գումարների արդյունավետությունն ու նպատակայնությունը և բարելավվելով բժշկական օգնության և սպասարկման որակը։

 

ԱՀԱ ներդրման հիմնական նպատակը բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումն է: Հայեցակարգը պետք է հիմք հանդիսանա առողջապահության նախարարության կողմից իրականացվող համալիր միջոցառումների հայեցակարգային մոտեցումները ամրագրելու, առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքը, այլ հարակից օրենսդրական փոփոխությունները մշակելու և 2024 թվականից առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրումն ապահովելու համար:

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական արդյունքը հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավումն է, կյանքի միջին տևողության ավելացումը, առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի նվազումը, ինչը կնպաստի մարդկային կապիտալի կայուն զարգացմանը և տնտեսության աճին», - նշվում է որոշման նախագծում։

Աշխատանքները կսկսվեն 2023 թվականից, որը կլինի նախապատրաստական փուլը, իսկ 2024-ին կլինեն Առողջության համապարփակ ապահովագրական փաթեթով ապահովագրված քաղաքացիների խումբ։

2025թ.-ին պետության կողմից կներառվեն թոշակառուները, ովքեր ևս կօգտվեն փաթեթի ողջ ծառայություններից։

2027թ.-ին արդեն կլինի պարտադիր ապահովագրական ողջ ծածկույթ ՀՀ ողջ բնակչության համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250