Ո՞վ է դեմ ծրագրին, բնականաբար՝ Ռուսաստանը. Արամ Սարգսյանը՝ TRIPP-ի մասին
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը անդրադարձել է ԹՐԻՓՓ–ի թեմային.
«Մեր տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների կիզակետը, առանցքը և հենակետը TRIPP-ն է։ TRIPP-ը միջինասիական հանրապետությունները Կասպից ծովով, Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով կապում է Եվրոպային։ Այս լոգիստիկ, էներգետիկ, կոմունիկացիոն և թվային ուղու ջատագովն ու ֆինանսական ներհոսքն ապահովողը ԱՄՆ-ն է։
TRIPP բազմաշերտ ծրագրից շահում են ներգրավված բոլոր երկրները։ Իմ համոզմամբ՝ ՀՀ-ն շահում է մի փոքր ավելի, քանի որ դառնում է խաղաղության լրացուցիչ երաշխիք իր համար, իսկ ծրագրի գլխավոր շահառու ԱՄՆ-ն ամրագրում է իր ներկայությունը ՀՀ-ում, կոնկրետ դեպքում, որ պակաս կարևոր չէ, Սյունիքի մարզում։ Ո՞վ է դեմ ծրագրին։ Բնականաբար՝ Ռուսաստանը, քանի որ TRIPP-ում ներգրավված բոլոր երկրները, բացառությամբ Թուրքիայի, նախկին խորհրդային հանրապետություններ են, որոնց ՌԴ-ն իր ազդեցության գոտին է համարում և պետական մակարդակով կասկածի տակ է դնում այդ երկրների լիարժեք ինքնիշխանությունը։ TRIPP-ը չի ողջունում նաև Չինաստանը, որը միջինասիական հանրապետությունները դիտարկում է որպես իր ազդեցության գոտի, սակայն առանձնապես չի էլ հակադրվում։
Իմ կարծիքով՝ ՀՀ ընտրություններում նման առճակատմամբ մրցակցության առանցքում TRIPP-ն էր, և հետընտրական զարգացումներն էլ, մեծ հաշվով, կապված են այս աշխարհաքաղաքական ծրագրի հետ, քանի որ իրականացման պարագայում ՌԴ-ն կորցնում է ոչ միայն Հայաստանը, այլև Կենտրոնական Ասիայի իր ազդեցության տակ գտնվող բոլոր երկրները։ Հայաստանում կայացած ընտրությունները հույս են տալիս մեզ և TRIPP-ի անդամ բոլոր երկրներին, որ այս աշխարհաքաղաքական նախագիծը կարող է իրականություն դառնալ։ Ծրագրով շահագրգռված բոլոր երկրները շնորհավորեցին վերընտրված իշխանությանը, քանի որ հակառակ պարագայում խնդիրը շատ ավելի բարդ էր դառնալու։ Ներքաղաքական դաշտում ընտրության արդյունքները վիճարկող ուժերը, բնականաբար, շարժվելու են ՌԴ-ի ուղղորդմամբ, որն էլ ի վերջո շնորհավորելու է ՀՀ իշխանությանը։
Դա էլ ընդդիմադիր հատվածի համար ազդակ է դառնալու, որ վերցնեն մանդատները և փորձեն խնդիրներ ստեղծել նոր ԱԺ-ում։ Իմ կարծիքով՝ մանդատներ վերցնելու մասին արժի հայտարարել մինչև ՌԴ նախագահի շնորհավորանքը, որովհետև ընտրություններում մեր ժողովրդի տված քվեն այլ տարբերակի հնարավորություն չի թողնում, և՝ փառք Տիրոջը»,– գրել է նա՝ ֆեյսբուքյան էջում: