
Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերի շինությունների ձևը, կարգը, կհամապատասխանեն միջազգային չափորոշիչներին

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հայտարարել է, թե այս նախագծով առաջարկվում է Կառավարության որոշման մակարդակով սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները, որոնք անմիջականորեն կապված են հենց ձերբակալված անձանց իրավունքների երաշխավորմանը և նաև պետության պոզիտիվ պարտավորությունների կատարմանը։
Իսկ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը նշել է.
«Այս նախագծով օրենքում կատարված փոփոխությամբ Կառավարությանը վերապահվում է իրավունք, որպեսզի իր որոշմամբ սահմանվի ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերի շինությունների ձևը, կարգը, որպեսզի դրանք համապատասխանեն միջազգային չափորոշիչներին»:
Նշենք, որ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: