Ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով ներկայացրել են կեղծ փաստաթղթեր` պետական աջակցության ծրագրից օգտվելու համար

Ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով պետական աջակցության ծրագրի շահառու քաղաքացիներից մի քանիսը Էկոնոմիկայի նախարարություն են ներկայացրել կեղծ փաստաթղթեր, հայտնում են Գլխավոր դատախազությունից:

 

Մասնավորապես, երեք տարբեր գործերի ուսումնասիրությամբ ի հայտ են եկել Վ.Գ.-ի, Ա.Հ.-ի, Ս.Ղ.-ի և Գ.Զ.-ի կողմից փաստաթղթեր կեղծելու, իրականությանը չհամապատասխանող տվյալներով պայմանագիր, հանձնման-ընդունման ակտ կազմելու, Էկոնոմիկայի նախարարություն կեղծ փաստաթղթեր ներկայացնելու տվյալներ: Նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի՝ շահառուի կողմից ներկայացված իրականությանը չհամապատասխանող փաստաթղթերն ու տեղեկատվությունը ոչ պատշաճ ուսումնասիրելու հետևանքով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Արդյունքում, Վ.Գ.-ի կողմից հափշտակվել է 57 մլն 780 հազար դրամ, Ա.Հ.-ի կողմից՝ 16 մլն 192 հազար 940 դրամ, իսկ Ս.Ղ.-ի և Գ.Զ.-ի կողմից՝ 58 մլն 500 հազար դրամ:

 Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե:

 

Քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնել), 325-րդ հոդվածի 1-ին մասով` (իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործել) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խաբեության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն):

 

 

Քաղաքականություն

Պատահարներ