ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը քննարկում է դպրոցի ուսուցիչների, խորհրդի անդամների բարեվարքության կանոնների նախագիծը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնների նախագիծը:

 

Փաստաթղթով կարգավորվում են դպրոցի մանկավարժական աշխատողների վարքականոնին ներկայացվող պահանջները, ինչպես նաև ոլորտի շահառու հանդիսացող աշակերտների և ծնողների հետ փոխհարաբերությունները՝ էթիկայի նորմերի շրջանակում: Նախագիծը հանրակրթության ոլորտում ուսումնական գործընթացի մասնակիցների գործունեությունը կարգավորող յուրահատուկ վարքականոն է, որն ուրվագծում է հարաբերությունների այն ոլորտը, որը չի կանոնակարգվում իրավական նորմերով:

 

Փաստաթղթի ստեղծման համար հիմք է հանդիսացել հանրակրթության նպատակաուղղվածության առավել արդյունավետ իրագործումը՝ անձի ուսուցման և դաստիարակության գործընթացը զուգակցելով էթիկայի նորմերի ներդրմամբ։

Իրենց վերապահված գործառույթներն իրականացնելիս խորհրդի անդամի և մանկավարժական աշխատողների գործունեությունը պետք է համահունչ լինի պետության կողմից երեխայի՝ որպես հասարակության լիիրավ քաղաքացու ձևավորման առաջնահերթության սկզբունքներին:

Հասարակության մեջ մարդու՝ իբրև բարձրագույն արժեքի ձևավորման և կայուն զարգացման ապահովման գրավականը կրթության դերի բարձրացումն է, որը իրատեսական կդառնա, եթե՝

 

1)անձը գիտակցի դրա անհրաժեշտությունը,
2)բարձրանան դպրոցի և ուսուցչի դերն ու հեղինակությունը,
3)անձի դաստիարակությունը բխի հասարակական բարոյական հատկանիշներից,
4)անձի սոցիալականացման գործընթացի հիմք ընդունվի վարքականոնների յուրացումը՝ տվյալ հասարակությանը բնորոշ սոցիալական փորձով
5)անձը տիրապետի իր հասարակական դերին,
6)հասարակական հարաբերությունների կարգավորման գործում կարևորվի դաստիարակությունը՝ էթիկայի նորմերի յուրացման պարտադիր պայմանով։

 

  •  

Տեղեկատվական դաշտը լայն հնարավորություն է ընձեռում վարքականոնների մասին տարատեսակ ուսուցողական նյութեր ձեռք բերելու և կիրառելու համար, սակայն ցանկալի և համանման արդյունք ունենալու, միասնական նպատակաուղղվածություն ապահովելու համար անհրաժեշտ է հաստատությունում գործընթացի կազմակերպման մասնակից հանդիսացող մանկավարժական աշխատողների և խորհրդի անդամների համար ունենալ սահմանված վարքականոններ։

 

Մանկավարժական աշխատողների գործունեությունն ու վարքագիծը վերահսկելու, կարողությունը խթանելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել փաստաթղթի դրույթների պատշաճ իրազեկում:

 

Քաղաքականություն

Պատահարներ