Կախված օրվա ժամից` ճանապարհային նշանները կարող են փոփոխվել

Ճանապարհային երթևեկության կազմակերպման անվտանգության բարձրացմանն ուղղված բոլոր փոփոխությունները վերաբերում են ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցներին՝ նշաններ, գծանշումներ, լուսացույցներ: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային քաղաքականության բաժնի ավագ մասնագետ Արուսյակ Խաչատրյանը:

 

Վերջինս նշել է, որ օրինակ` դպրոցների մոտ առավելագույն արագության կարող է սահմանվել մինչեւ 20, 30 կամ 40 կմ/ժամ, սակայն ժամը 3-ից հետո կամ հանգստյան օրերին էլի նույն նշանը տեղադրված է եւ վարորդները ստիպված են դանդաղ երթեւեկել. 

 

«Այդ դեպքերում մենք կարող ենք տեղադրել փոփոխվող նշան, որ ենթադրենք, արագությունը սահմանափակենք 40, իսկ դրանից հետո նորից 60 կմ/ժամ, որ իզուր արհեստական խցանումներ չառաջացնենք: Այս փոփոխություններով մեզ հնարավորություն է տրվել կիրառել նոր ի հայտ եկած երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ, որոնք կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում»,-ասաց նա, որ դրա համար նշանները փոխարինվելու են էկրանային տարբերակներով, որոնք տարբեր ժամանակ տարբեր նշան ցույց կտա:

 

Առաջարկում են նաև  չկարգավորվող հետիոտնային անցումների վրա կիրառել հետիոտնային նշանը:

 

«Դա տեսանելիության բարձրացման միջոցառում է վարորդների համար: Նշել ենք այնպիսի հետիոտնային ացնումներ, որոնք յուրաքանչյուր ուղղությամբ 3 եւ ավելի գոտիներ ունի, նախատեսում ենք, որ նշանը կախվի նաեւ վերեւից: Իսկ կարգավորվող հետիոտնային անցումների համար կետ ենք ավելացրել, որ ճանապարհը տնօրինողն իր հայեցողությամբ կարող է վերեւից կախվել նաեւ կարգավորվող, այսինքն կանչովի լուսացույցներով անցումների վրա»:

 

Նրա խոսքով, նորարարություն է անկյունագծային հետիոտնային անցում գծանշումը, այսինքն խաչմերուկում բոլոր ուղղություններով ավտոմեքենաները կանգնում են եւ հետիոտները կարող են խաչմերուկը հատել նաեւ անկյունագծով: Այս երթեւեկությունը կազմակերպվում է այն խաչմերուկներում, որտեղ հետիոտնային երթեւեկությունը շատ բարձր է՝ մեկ ժամում 900 մարդ եւ ավելի:

Քաղաքականություն

Պատահարներ