«Զվարթնոց»-ի տարածքում առանց լիցենզիայի տաքսի ծառայություն մատուցողներին կտուգանեն

 ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտարարություն է տարածել․ «Այսօր՝ հունվարի 27-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետների կողմից կրկին խստացված ռեժիմով վերահսկողություն է իրականացվել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ։ 

Վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 9 դեպք։ 

Ըստ այդմ՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումների լիցենզավորման վերաբերյալ գործում է 2 կարգ, որը վերաբերում է անհատ տաքսիներին և մասնավոր ընկերություններին։Համաձայն սահմանված կարգի «Զվարթնոց» օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է լինի՝ 

1. մինչև յոթ տարվա արտադրության. 
2. սպիտակ հիմնագույնի. 
3. գործարանային վառելիքային համակարգով շահագործվող. 
4. ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով. 
5.«Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։ 


ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը կրկին զգուշացնում է տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդներին․ 
Համապատասխան լիցենզիա չունենալու դեպքում պատասխանատվության կենթակվեն համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքով, ինչը ենթադրում է վարչական տույժ՝ տուգանք՝ 50․ 000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով»։

Քաղաքականություն