Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը. մանրամասներ

Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի  գազալցակայանների աշխատանքը: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:


Հայաստանից Արցախ գազամատակարարումը, ադրբեջանական կողմի միջամտության պատճառով, շարունակում է դադարեցված մնալ: Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ՝ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև  որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին: 


Սակայն հաշվի առնելով գազալցակայններում ստեղծված  հերթերը և գազի սահմանափակ ծավալը՝ որոշվել է, որ կուտակված գազն այսուհետև  կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին, իսկ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի մինչև գազամատակարարման վերականգանումը: Հանրային սպասարկում իրականացնող և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով նշված կազմակերպությունների ավտոմեքենաներին  կտրամադրվի բենզին կամ դիզվառելիք: 
 

Իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի: 

Քաղաքականություն

Պատահարներ