Հրազդանցի դպրոցականը «գազվի բալոնչիկ» է պատվիրել Wildberries-ից, բերել ու փչել երեխաների վրա

Առողջապահության նախարարությունը կեսօրից հետո հայտնեց, որ Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկն անհայտ գազ է տարածել և 12 երեխա է տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք 9-ից 14 տարեկան են եղել։ ժամեր անց տուժած երեխաների թվաքանակն ավելացել է, հասնելով 30-ի, ապա նաև 39-ի։ Հաղորդվում էր, որ անհետաձգելի բուժօգնություն ստանալուց հետո որոշ երեխաներ օրվա ընթացքում տուն էին գնում, մյուսները շարունակում էին մնալ բժիշկների հսկողության տակ։ 

 

«Հրապարակի» աղբյուրը հայտնում է, որ աշակերտը, որը գազ էր օգտագործել, պարզաբանել էր, որ դասարանի տղաների հետ խնդիրներ ունի, իսկ դպրոցում քննարկել են նրա տարօրինակ վարքը, նաև էմոյական շարժմանը հարելու հանգամանքը։ Իրավապահ մարմնից ստացված տեղեկություններով, տղան ինքնաշտպանության համար նախատեսված գազային սրվակ է օգտագործել, որն արգելված է տալ մինչև 18 տարեկան երեխաներին։

 

 «Երեխեքից մեկը «գազվի բալոնչիկ» ա բերած եղել դպրոց, փչել ա մյուսների վրա», - ասում է իրազեկ աղբյուրը։ Այս կերպ տղան պատժել է իր «թշնամիներին»։ Թե ինչպես է գազային բալոնը հայտնվել անչափահասի ձեռքին, պարզում են իրավապահները։ Ոստիկանությունից հայտնում են, որ նյութերն ուղարկել են քննչական։

 

«Ստուգեցինք երեխաների գրպաններն ու պայուսակները, ենթադրում էինք, որ ինչ-որ մի նյութ կա, որից այդ ծակծկոցը տարածվել է: Այդ աշակերտը գրպանից հանեց բալոնը, ասաց՝ սա ինձ մոտ է, բայց ես չեմ արել: Ասաց՝ դրսում պաշտպանվելու համար է, եթե հանկարծ ինչ-որ մեկը նեղացնի: Մենք ենթադրում ենք, որ վախից դրդված է ասում, որ ինքը չի արել: Համենայնդեպս ուրիշի մոտ որեւէ բան չկար: Փոքր բալոն էր: Ասաց, որ պատվիրել է Wildberries-ից:

Սկզբից դասարանը փոխեցինք, հետո որոշեցինք, որ երեխաներին տուն ուղարկենք, ծնողներին կանչեցինք, որ տուն տանեն»- այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Հերմինե Հարությունյանը:

 

«Երեխայի ծնողը հիմնականում լուռ էր, ուղղակի լսեցի, որ ասաց՝ ինչի՞ ես փչել»,- ասել է` հավելելով, որ քննիչներն առգրավել են այդ փոքր բալոնը:


 

Քաղաքականություն

Պատահարներ