Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ

Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

 

Այս պահին ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 3 զինծառայողներից մեկը շարունակում է ինտենսիվ բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր կայուն է:

Մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

 

Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 19-ին՝ կեսգիշերն անց,  ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության  սպան, հանդիսանալով նստեցման շրջանի  պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:

 

Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից:

 

Հրդեհի հետևանքով նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 

15 զինվորի մահվան գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը։

Քաղաքականություն