«Մեզ հանկարծակիի են բերել». ինչ են պատմում «Մալաթիա» տոնավաճառի տնօրենն ու տեղի աշխատողները

 Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, փետրվարի 1-ից փակվում է: Որոշումն ու դրա մասին ծանուցումն առաջացրել է տոնավաճառի աշխատակիցների դժգոհությունը։

 

Տոնավաճառի սեփականատեր եւ տնօրեն Սամվել Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ հոկտեմբերին այցելել են, 17 խախտում են արձանագրել, որից 12-ը վերացված է. 

 

«Կան խախտումներ, որոնք վերացնել անհնար է, օրինակ, շինություններից 8 մետր հեռավորության վրա պետք է լինի: Այդ պայմանը սահմանող որոշումը կայացվել է 2015-ին, իսկ տոնավաճառը 1999-ից գործում է: Բոլորը խախտումները վերաբերում են հրդեհային անվտանգությանը: Մենք նոյեմբերին նամակ ենք ուղարկել, իրենք հանձնաժողով կազմեցին, ուղարկեցին, ստուգելուց հետո տվեցին արձանագրություն, որտեղ թվարկված են, թե որ խախտումներն ենք մենք վերացրել: Օրինակ, տարհանման ճանապարհներն ազատված են, ապահովված է մարդկանց անարգել տեղաշարժը: Հրդեհավտանգ  հիմնատարներով տանիքների վրայով օդային էլեկտրահաղորդման  գծեր անցկացված չեն, ինչը դրական է, արտաքին հրդեհաշիջման համար օբյեկտների տարածքում կամ դրանց մոտակայքում 200 մետր շառավղող նախատեսված է առնվազն մեկ հրդեհ հիդրանտ կամ նվազագույնը 50 խմ տարողությամբ հակահրդեհային ջրավազան: Հրշեջների մոտենալը խոչընդոտող ոչինչ չկա: Առեւտրի կետերում մասնակի մոնտաժված է  հրդեհի ազդարարման ինքնաշխատ  համակարգով:

 

Մենք պայմանագիր ունենք ԱԻՆ-ի հետ, երբ ձայնային ազդանշանը տրվում է այստեղ, որ ծուխ է դուրս գալիս, ԱԻՆ-ը իմանում է եւ միանգամից գալիս են: Մենք փորձել ենք դա եւ աշխատում է: Ծխի դատչիկները ամբողջ տարածքում դրված է, միայն վարչական շենքում չի դրված:

 

Մենք փորձեր արել ենք, իմ աշխատողները բոլորը հակագազ ունեն, գիտենք, ով պետք է հանգցնի հրդեհը եւ ինչպես:  Ունենք նաեւ կրակմարիչներ փրփուրներով եւ գազային: Մինչեւ հրշեջ մեքենան գալիս է, իրենք հասցնում են ամեն ինչ հանգցնել»,-ասաց նա:

Տնօրենի խոսքով, ծխի հեռացման ավտոմատ համակարգը գրեթե ոչ մի տեղ էլ չկա, միայն մոլերում կա. «Մասնագետներն ասացին, որ դրանք տեղադրելու համար 3 ամիս կպահանջվի, եթե տոնավաճառի աշխատանքը դադարեցվի, եթե ոչ, կարող ենք աստիճանաբար տեղադրել: Ես այդ աշխատանքը չեմ սկսել, որովհետեւ հանձնարարված է փակել: Ես խնդրել եմ, որ  մինչեւ ամսի 1-ը մարդկանց ձեռք չտան, ամսի 1-ից կհայտարարեմ, որ տոնավաճառը փակվում է: Ամեն ինչ քյասիբի գլխին է գալիս, իրենք վճարունակ չեն այլ տեղերում կանգնելու: Նրանք օրական 2 հազար դրամ են վճարում»,-ասաց նա:

 

Հարցին, թե տոնավաճառում գտնվող ապրանքի հետ ինչ է լինելու, Ավետիսյանը պատասխանեց. «Ես կաշխատեմ, որ հնարավորության դեպքում նորից բացենք տոնավաճառը: Կխոսեմ որոշ մարդկանց հետ, եթե ոչ, պետք է ժամանակ տամ, որ դատարկեն պահեստները: Ես կամ կշարունակեմ այստեղ աշխատել, կամ այս տարածքում բիզնեսը կփոխվի: Դեռ չեմ որոշել, թե ինչ եմ անելու»:

 

Տոնավաճառի աշխատողները եւս անակնկալի են եկել այս որոշումից. «Մեզ հանկարծակիի են բերել, այսպես չի կարելի: 30 տարի էստեղ աշխատում եմ: Իսկ փակելուց առաջ այլընտրանք առաջարկե՞լ են: Չեն առաջարկել: Մոլերից ոչնչով չի տարբերվում, լուսավոր, մաքուր, հարմարավետ, հակահրդեհային պայմաններ են ստեղծե, օդափոխիչներ են բերել, շրջան սարքեր են ետղադրել: Էլ ի՞նչ է պետք անել:  Հիմա որ փակում են, ի՞նչ ենք անելու, տարիքս առած եմ, Հայաստանում ուրիշ աշխատանք չկա»,-ասաց առեւտրականներից մեկը:

 

Մեկ ուրիշն էլ հավելեց. «Չեմ պատկերացնում՝ ինչ եմ անելու, ապրանքը տեղափոխելու տեղ չունեմ: Այսքան ապրանքը ի՞նչ եմ անելու, բավական մեծ գումարներ ենք ներդրվել: Եթե կա այլընտրանք, թող կառավարությունն առաջարկի, մեզ էլ ժամանակ տա հարմարվելու:  Կոչ կանենք կառավարությանը չփակել, մարդիկ վարկերի տակ են, կմնան առանց հացի: Բոլորիս եկամտի աղբյուրն էլ սա է, այսքան ընտանիք մնալու է առանց ապրուստի միջոցի:

Թող իշխանությունը փակելուց առաջ մտածի, թե ինչ այլընտրանք է մեզ առջարկում: Անմիտ քայլ է, վերցնել ու փակել տոնավաճառը: Կարող են ժամանակ տալ, մարդիկ թրությունները կվերացնեն: Ես միլիոնների վարկեր եմ վերցրել, էդքան ապրանք ունեմ, հիմա էդքան ապրանքը վերցնեմ ո՞ւր գնամ»:

Քաղաքականություն