Հակոբյանը՝ «5-րդ ալիք»-ի եթերում ցուցադրված զորամասի կացարանի հրդեհի տեսանյութի մասին

«5-րդ ալիք»-ի եթերում ցուցադրված Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհի կարճ տեսանյութը լայն տարածվել է համացանցում եւ խիստ բացասական արձագանքի  է արժանացել: Մարդիկ հատկապես զայրացած եւ վրդովված են հնչող հուսահատ, տառապանքով, ցավով  լի մարդկանց ճիչերից:  Այո, շատ ծանր է դա լսել, շատ-շատ ծանր… ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի  նախագահ Տիգրան Հակոբյանը՝ անդրադառնալով «5-րդ ալիք»-ի կողմից հունվարի 19-ին Ազատ գյուղում զինվորների կացարանում բռնկված հրդեհի վայրից արված կադրեր հրապարակելուն։ 


«Մի քանի լրատվամիջոց դիմել են ինձ պարզաբանումների համար, սոցցանցերում   «ֆլեշմոբի» պես ինչ-որ ակցիա  է սկսվել՛ Հանձնաժողովից եւ Նանձնաժողովի նախագահից  պահանջում են գնահատական տալ, շտապ նիստ հրավիրել, եթերազրկել  հեռուստատեսությունը, «պատժել  դավաճաններին» եւ այլն: 
Արձագանքում եմ: ՀՌՀ համապատասխան բաժիններին  երեկ երեկոյան արդեն իջեցված էին հանձնարականներ մշտադիտարկել   «5-րդ ալիք»-ի եթերը, նախապատրաստել իրավական գնահատականը:  Ինձ մոտ հավաքված նախնական տվյալների համաձայն հեռուստատեսության եթերում եղել է միայն հեռվից նկարահանված հրդեհը, ճիչեր, ձայներ չեն հնչել,  հրդեհի կադրերը ուղեկցվել են  լրագրողի տեքստով հրդեհի մասին: Ձայները հնչել են  YouTube-ում, եւ կադրերը ուղեկցվել են գրությունով, թե ով է նկարահանել հեռախոսով, եւ  ում  ձայներն են հչում: 
Նախնական եզրակացությունս, կրկնեմ՛ նախնական, հետեւալն է:  


1.Եթերում ցուցադրվել է  հրդեհի «համր» տեսանյութը, որտեղ չկան այրվող մարմիններ, դաժան կադրեր, ոբղերգության բաց տեսարաններ, որոնք կարող են սոսկանք, սարսափ առաջացնել, ազդել անչափահասների ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա: Վարչական վարույթ բացելու հիմքեր դեռ չենք տեսնում: 
2.Օրենքով YouTube-յան հեռարձակումը ՀՌՀ կարգավորումից դուրս է, այս տիրույթում գործառույթ չունենք:  
Ավելի մանրամասն այս խնդիրը կքննարկվի երկուշաբթի օրը: Նաեւ կարծում եմ, որ ճիշտ կլիներ հենց «5-րդ ալիք»-ն իր պարզաբանումները ներկայացներ, ներողություն հայցեր հանրությունից: 


Բայց մի կարեւոր հանգամանքի մասին էլ գրեմ: Եթե հասարակ քաղաքացու ցասումը, հուզմունքները  հասկանալի ենեւ ընդունելի, ապա լրագրողական հանրության ներկայացուցիչների արձագանքը (առանց փաստերը ստուգելու, խնդրի իրավական կողմը հասկանալու) տարօրինակ են եւ մտահոգիչ: Լրագրողը պետք է փաստերով խոսի, այլ ոչ թե ամբոխահաճո կոչեր հնչեցնի՛ եթերազրկել, պատժել, գնդակահարել..: Այդ ամենը ստեղծում է իմաստազուրկ «տեղեկատվական հեղեղներ», որոնց բացասական ազդեցության մասին ավելորդ է խոսել: Եւ իմ այս խորհուրդը  վերաբերվում է հատկապես ազատական գաղափարներ դավանող մեդիահանրությանը»,-գրել է Հակոբյանը:

Քաղաքականություն