Հիմա հասկանու՞մ ես, որ «վաղը» այդպես էլ կարող է չլինել․ սարսափելի հրդեհի զոհ դարձած Արամ Մանուկյանի գրառումը

Այսօր տեղի ունեցած սարսափելի հրդեհի զոհ դարձած զինծառայող Արամ Մանուկյանը Վանաձորից էր.28 օր անց պետք է զորացրվեր։ Համացանցում ակտիվորեն տարածվում է Արամի՝ դեռ սեպտեմբերին կատարած գրառումը․ «Դե, հիմա հասկանու՞մ ես, որ «վաղը» այդպես էլ կարող է չլինել, կամ էլ կարող է կեսգիշերին գալ ու տագնապալի ձայների տակ կանգնել կոկորդիդ։

Հիմա հասկանու՞մ ես, որ կարող ես էլ չհասցնել, կարող ես էլ խելագարի պես չերգել` ձայնը գլուխդ գցած...

Պետք է ամեն օրդ լիարժեք ապրես. գնաս տեսնելու նրան, ում վաղուց որոշել, բայց միշտ սպասում ես վաղվան։ Գրիր ու գրկիր նրան, ում հույս ունես վաղը փողոցում պատահաբար հանդիպել։ Առանց վախենալու նայիր աչքերի մեջ ու որսա քաղցրությունը, ապրիր, լա՞վ...

Պիտի վախենանք` հետո նո՞ր սիրենք իրար, հա՞։

Դե, մենք էլի ժպտալու ենք, էլի մոռանալու ենք կարևորի մասին, էլի ապրելու ենք այնպես, կարծես թե վաղը միշտ մեր գրպանում է ու երբ ուզենանք բարի լույսը դուրս կբերենք ծալված մասերից, մենք էլի կապրենք...

երևի...

Պիտի սիրենք իրար, շատ սիրենք, սիրենք այսօրվա ու վաղվա փոխարեն։ Օգնենք իրար հաղթահարել հոգին ավերող գիշերները, միասին լինենք, ապրենք միասին...»։ 

 

Հիշեցնենք, որ հրդեհ էր բռնկվել ՊՆ N զորամասում. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր։ 

 

Քաղաքականություն