Ադրբեջանը և խաղաղապահները պետք է վերականգնեն ազատ տեղաշարժը. Human Rights Watch-ը` Լաչինի միջանցքի արգելափակման մասին

Կյանքի ճանապարհը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ, արգելափակված է մնում արդեն ավելի քան մեկ ամիս, ինչը ծանր հումանիտար հետևանքների է հանգեցնում այնտեղ բնակվող էթնիկ հայերի համար։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի գծով փոխտնօրեն Գեորգի Գոգիան։ 

 

«Ադրբեջանը և խաղաղապահները պետք է վերականգնեն ազատ տեղաշարժը և ապահովեն առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը»,- գրել է Գոգիան:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: