ԳՇ պետի ներկայիս օգնականը ՊՆ-ի հողը գնել է 25 միլիոն դրամով, վաճառել՝ 420 միլիոնով․ գնորդն Իշխան Զաքարյանի որդու ընկերն է. Հետք

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ծրագրվում է 20 հարկանի բազմաբնակարան շենք կառուցել։ Դրա համար նախատեսված հողամասը տարիներ առաջ հատկացվել էր Պաշտպանության նախարարությանը։ Այս մասին գրում է Hetq.am-ը:
 

«Հետք»-ը պարզել է, որ հողամասը ՊՆ-ից 25 միլիոն դրամով (62.5 հազար դոլար) ձեռք է բերել Գլխավոր շտաբի սպառազինության վարչության նախկին պետ, այժմ ԳՇ պետի օգնական Պողոս Պողոսյանը։ Պատերազմից անմիջապես հետո նա հողամասը նվիրել է իր զոքանչին։ Իսկ այս տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, նույն հողամասը 420 միլիոն դրամով (1միլիոն 40 հազար դոլար) վաճառել են ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի որդու ընկերոջը։
 

5420 քմ հողամասի սեփականաշնորհման պատմությունը մենք սկսեցինք ուսումնասիրել 2020 թ-ին, մինչ պատերազմը։ Մեր հարցումներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ հարուցվեց։ Պարզվում է, որ հողամասի վերջին օտարումը տեղի է ունեցել քրեական գործի նախաքննության ժամանակ՝ Հակակոռուպցիոն կամիտեի լուռ համաձայնությամբ։
 

Նոր Նորքի 4-րդ և 5-րդ զանգվածները կապող կամրջի հարևանությամբ Պաշտպանության նախարարությունը 1.6 հեկտար (16247 քմ) մակերեսով հողամաս ուներ։ Դա ՊՆ-ին փոխանցվել էր Վազգեն Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ։ Այդ ժամանակ ծրագրվել էր, որ հողամասի վրա պետք է կառուցվեր սպորտային համալիր, որը կօգտագործվեր ռազմական ակադեմիայի համար։ Այդ գաղափարից տարիներ անց՝ 

2013 թ.-ին 1.6 հեկտարից 0.54-ը առանձնացվել է և օտարվել։
 

Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն, 5420 քմ հողամասը Պաշտպանության նախարարությունը 2013 թ.-ին վաճառել է Պողոս Պողոսյանին։ Ըստ ՊՆ-ի` հողամասի վաճառքի գինը կազմել է 25 միլիոն 215 հազար 556 դրամ։ Նախարարությունը հրաժարվել է  տրամադրել հողամասի օտարման հիմքերը՝ պատաճառաբանելով, թե վաճառքի բոլոր փաստաթղթերը, բացառությամբ պայմանագրի, ոչնչացվել են։ Նախարարության հիմնավորումն այն է, որ փաստաթղթերի պահպանության ժամկետն անցել է, ուստիեւ ոչնչացվել են։ 

 

Հողամասը գնելիս Պողոս Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը։ Հողամասը ձեռք բերելուց 3 տարի անց՝ 2016 թ.-ին Պողոսյանը նշանակվում է Գլխավոր շտաբի սպառազինության վարչության պետ։

 

2020 թ.-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր ծրագրում Արցախի վրա, Պողոս Պողոսյանը որոշում է վաճառել հողամասը։ Այդ մասին իմանում ենք հողամասի վրա տեղադրված «վաճառվում է» ցուցանակից։

 

Ցուցանակը հողամասում փակցված է մնում մինչև պատերազմի ավարտը, որից հետո ընդմիշտ հանվում է։

 

Պատերազմի ավարտից հետո Հայաստանում քաղաքական ճգնաժամ է առաջանում, որը գագաթնակետին է հասնում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և մի քանի տասնյակ գեներալների հայտարարությամբ։ Զինվորականները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում։ Հայտարարությանը չի միանում 4 բարձրաստիճան գեներալ։ Նրանցից մեկը Պողոս Լյովայի Պողոսյանն է։ 2021 թ.-ին քաղաքական իրավիճակը հանդարտվում է, փոխվում է ԳՇ ղեկավարը, իսկ Պողոս Պողոսյանը 2021 թ.-ին ազատվում է վարչության պետի պաշտոնից։ 2022-ի հունվարի 11-ին Պողոս Պողոսյանը նշանակվում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի օգնական։

 

Մինչ քաղաքական իրավիճակը կսրվեր, Պողոս Պողոսյանը փորձում է «ազատվել» 5420 քմ հողամասից։ Զինված ուժերի սպառազինության վարչության պետը 2020 թ.-ի արյունալի պատերազմի ավարտից անմիջապես հետո ձեռնամուխ է լինում հողամասի ապահով փոխանցումը կազմակերպելու գործին։ Նոյեմբերի 20-ին նա հողամասը նվիրաբերում է իր զոքանչին՝ Լուսիկ Ռաֆիկի Հովսեփյանին։

 

2022 թ.-ին Հայաստանում քաղաքական իրավիճակը խաղաղվում է, ռազմական իրադրությունը` սրվում։ Ադրբեջանական ուժերը սեպտեմբերին հարձակվում են արդեն Հայաստանի վրա։ Նույն ժամանակահատվածում Պողոս Պողոսյանը փորձում է ավարտին հասցնել ՊՆ-ից ընդամենը 25 միլիոն դրամով ձեռք բերած հողամասի վերջնական օտարումը։ Գեներալին հաջողվում է հողամասը վաճառել 420 միլիոն դրամով։

 

Երբ տեղեկացանք հողամասի վերջնական օտարման մասին, կրկին դիմեցինք պաշտպանության նախարարություն։ Խնդրեցինք մեզ տրամադրել ՊՆ-ի հողը Պողոս Պողոսյանին վաճառելու պայմանագրի պատճենը։ Նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը գրավոր հայտնեց, որ մեզ հետաքրքրող հողամասի օտարման վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել և նախաքննություն է ընթանում։Այդ հիմքով մերժվեց պայմանագրի տրամադրումը։

 

Այս պատասխանից հարց է ծագում՝ ինչպե՞ս է հնարավոր եղել Հակակոռուպցիոն կոմիտեում (նախկին ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննության ժամանակ հողամասն օտարել։ Այն դեպքում, երբ հենց հողամասի օտարման (2013 թ.-ի գործարքի) առնչությամբ էր քրեական գործը հարուցվել։

Գրավոր հարցում ուղարկեցինք Հակակոռուպցիոն կոմիտե։ Կոմիտեի լրատվական ծառայությունից չպատասխանեցին գլխավոր հարցերին՝ ինչպե՞ս է հնարավոր եղել նախաքննության փուլում գույքի օտարումը, արդյո՞ք գույքի վրա արգելանք էր դրվել։ Միայն հայտնել են, որ 2022 թ.-ի ապրիլի 11-ին Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական վարույթ է նախաձեռնվել (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ)։ Քրեական վարույթում մեղադրյալ չկա։

 

Սա Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կամիտեում քննվող առաջին գործը չէ, երբ նախաքննության ժամանակ քննիչները թույլ են տալիս կամ չեն խոչընդոտում, որ նախկին կամ գործող պաշտոնյաները կարողանան օտարել կասկածելի ծագում ունեցող իրենց գույքերը։ Այդպես է եղել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի դեպքում, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի բնակարանի վաճառքի դեպքում։

 

Ո՞ւմ է վաճառվել հողը, և ի՞նչ են ծրագրում կառուցել

 

Պողոս Պողոսյանի զոքանչից 5420 քմ մակերեսով հողամասը այս տարվա սեպտեմբերի 20-ին գնել է Գարուշ Պապիկյանը։ Հանրության ուշադրության կենտրոնում Գարուշ Պապիկյանը հայտնվեց 2019-ի մարտին, երբ նրա ընկերությունը սկսեց Ազգային ժողովի մաքրությունն իրականացնել։

Գարուշ Պապիկյանը Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանի որդու՝ Վարդան Զաքարյանի ընկերն է։ Իշխան Զաքարյանի փեսայի՝ Խաչատուր Սաֆարյանի հետ էլ բիզնես-գործընկեր է («Քլիներս» ՍՊԸ-ի բաժնետերերն են)։

 

Մանրամասները` կայքում: