Արցախում 6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հունվարի 9-ից նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և դպրոցների երկարօրյա ռեժիմով աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կասեցվել է։ Այս մասին ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի հրապարակած պաշտոնական տեղեկագրում, որն ամեն օր թարմացվելու է:

 

Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով՝

 

Փակվել է 41 մանկապարտեզ․

 

Փակվել է 56 նախադպրոցական խումբ․

 

Փակվել է 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։

 

Դա նշանակում է, որ 6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։

 

«Վերջին 2 օրերին Արցախում առատ ձյուն էր տեղում։ Ադրբեջանի կառավարության գործակալների կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու արգելափակման հետևանքով անհնար է դարձել այդ ճանապարհահատվածում ձնամաքրման և աղալցման աշխատանքներն իրականացնելը։  Ուստի, երթևեկելն այդ հատվածով խիստ վտանգավոր է նաև ձյան պատճառով։

 

Ինչ է դա նշանակում:

 

Ճանապարհի փակ լինելու պատճառով լրացուցիչ էական դժվարություններ են առաջացել ինչպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, այնպես էլ ռուսական խաղաղապահ առաքելության մեքենաների համար, որոնք իրականացնում էին որոշակի քանակությամբ մատակարարումներ և տեղափոխում ծանր հիվանդներին։

 

Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով Արցախի բնակչությունը կանգնել է նաև էներգետիկ ճգնաժամի առջև:

Հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ: Ուստի, որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։ Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ:

Ինչ է դա նշանակում:

 

Ձմեռային ցուրտ եղանակի և ձյան առատ տեղումների պայմաններում հոսանքազրկումն էլ ավելի է խորացնում շրջափակման պատճառով առաջացած հումանիտար աղետը: Արցախն այժմ կանգնած է նաև էներգետիկ ճգնաժամի առջև:»,-նշված է հաղորդագրության մեջ:

 

Նշվում է նաև, որ 10 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

 

12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

 

Արդեն 110 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

 

«Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 30 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120 000 բնակչությանը:

 

Շրջափակման պատճառով Արցախի 120 000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30 000 երեխա) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է սովի ռիսկի առջև:

 

Ավելի քան 12 000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեր Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը»,-նշված է տեքստում: