Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի որ հատվածում է ծանր մարտեր ընթանում
Ուկրաինայի արևելքում ծանր մարտեր են ընթանում Սոլեդար քաղաքում։ Ուկրաինացի լրագրող Յուրի Բուտուսովը Տելեգրամի իր ալիքում գրել է, որ ռուսական ուժերը մտել են քաղաքի տարածք ու չնայած մեծ կորուստներին փորձում են առաջ շարժվել։ Նա հայտնում է, որ մշտապես լսվում են պայթյունների և հրազենային կրակոցների ձայներ, գրոհային խմբերի միջև մարտերն ընթանում են 20-30 մետրի վրա։
Դոնեցկի մարզի Սոլեդար փոքր քաղաքը գտնվում է Բախմուտից հյուսիս-արևելք։ Ռուսական կողմի հայտնում է, որ գրավել է քաղաքին մոտ գտնվող Բախմուտսկոե գյուղը։
Ուկրաինայի զինված ուժերի արևելյան խմբավորման հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին հանդիպել է Բախմուտն ու Սոլեդարը պաշտպանող ստորաբաժանումների հրամանատարներին։
Վլադիմիր Զելենսկին էլ իր ամենօրյա ուղերձում ասել է, որ Դոնբասի համար պայքարը շարունակվում է։ Ռուս զինվորականները փորձում են հարձակման անցնել, բայց նրանք կպարտվեն, ընդգծել է Ուկրաինայի նախագահը:
Նրա խոսքով՝ Բախմուտն ու Սոլեդարը, Կրեմեննայան և Սվատովոն Դոնբասի ընդհանուր հեռանկարներն են առաջիկա շաբաթների ընթացքում։ Սակայն Դոնբասի համար պայքարը շարունակվում է։
«Եվ չնայած օկուպանտներն այժմ իրենց առավելագույն ջանքեր են կենտրոնացրել Սոլեդարի վրա, այս դժվարին և երկարատև ճակատամարտի արդյունքը կլինի մեր ամբողջ Դոնբասի ազատագրումը», - ասել է Զելենսկին։
«Շնորհակալ եմ մեր բոլոր զինվորներին, որոնք պաշտպանում են մեր Բախմուտը և ցուցաբերում առավելագույն տոկունություն: Շնորհակալություն Սոլեդարում գտնվող բոլոր մարտիկներին, որոնք դիմանում են զավթիչների նոր և նույնիսկ ավելի կոշտ հարձակումներին: Դա չափազանց դժվար է...», - ասել է նա։
Հիշեցնենք, որ ռուսական զորքերը հունվարի 9-ին հզոր գրոհ են ձեռնարկել Սոլեդարի վրա։ Նրանք վերախմբավորվել են և փոխել մարտավարությունը: