Գևորգյանները չգիտեն՝ 2020թ.-ի հոկտեմբերի 2-ին Ջաբրաիլում ինչ է տեղի ունեցել իրենց որդու հետ
Գեւորգյանները 2 տարուց ավելի է՝ իրենց միակ որդուն են սպասում։ 2020թ.–ի հոկտեմբերի 2–ից ծնողները չունեն հարցի պատասխանը՝ մարտի դաշտում այդ օրն ինչ է տեղի ունեցել իրենց Ռոմանի հետ։
Ռոմանը ժամկետային զինծառայող էր, բանակ էր զորակոչվել 2019թ.–ի հունվարին։ Առաջին 6 ամիսներին ուսումնական զորամասում է ծառայել, ապա տեղափոխվել Կուբաթլու, այնտեղից էլ Ջաբրաիլ։
«Հոկտեմբերի 2–ին ընկերները զանգեցին, թե Ռոմանի տանկը խփել են։ Ոչ թե սպաները, այլ տղայիս ընկերները... Գնացինք Գորիս, տանկի անձնակազմից մեխանիկի հետ եմ խոսել, ասել է, որ անօդաչու թռչող սարք է խփել, ալիքը եւ իրեն է շպրտել, եւ Ռոմանիս, իսկ հրամանատարը մնացել է տանկի մեջ եւ այրվել»,– News.am-ի հետ զրույցում պատմել է 2 տարի որդուն փնտրող Նաիրի Գեւորգյանը։
Ռոմանը ծնողների հետ վերջին անգամ հենց հոկտեմբերի 2–ին է խոսել, հայրը ժամը լավ է հիշում՝ երեկոյան 20.00–ի սահմաններում էր, մինչդեռ մեխանիկն ընտանիքին ասել է, թե դեպքն առավոտյան ժամը 11–ին է եղել. «Ո՞նց եղավ որ երեկոյան ինձ զանգել է։ Մեխանիկն էլ վերջում, թե բա ես կանտուզիա եմ ստացել, չեմ հիշում։ Մյուսն ասում է՝ ժամը 3–ին են խփել։ Երկրորդ համանատարի՝ Արթուր Մուրադյանի հետ հեռախոսով եմ խոսել, ասաց՝ զոհվել է ձեր տղան, բա ո՞ւր է մարմինը, ոչ մի տեղեկություն չկա։ Իմ տղան ի՞նչ եղավ»։
Կարմիր խաչը խփված տանկին կարողացել է մոտենալ միայն դեկտեմբերի 20–ին։ Նաիրին պատմել է, որ տանկի մեջ հայտնաբերել են հրամանատարի՝ Մոնթեի մարմինը։ Գեւորգյանները նաեւ Պաշտպանության նախարարություն են դիմել։ Հայրը տարակուսած է՝ նախարարությունն իրենից է որդու մասին տվյալներ իմացել, ոչ թե հակառակը. «Սկզբում տղայիս մահացած ճանաչեցին, հետո անհայտ կորած... ասում են՝ սպասեք, սպասեք... Սպաներից մեկն էլ մեզ պատմել է, որ մեխանիկը իջել փախել է տանկից, դրա համար այդ տղան նույնիսկ քերծվածք չունի։ Թե հիմա իմ տղան էլ է փախել, գերի է, թե ինչ, չգիտենք։ Երկու տարի անորոշության մեջ ենք»։
Հիշեցնենք, որ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Հոկտեմբերի 14–ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ագրեսիայի հետեւանքով զոհերի եւ անհայտ կորածների թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Փաշինյանի խոսքով, վիրավորվել է 293 զինծառայող եւ 8 խաղաղ բնակիչ, իսկ անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։
Հոկտեմբերի 4–ին Ադրբեջանը վերադարձրել է 17 հայ ռազմագերիի։ Նոյեմբերի 29–ի դրությամբ, Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 156 մարմին։
Դեկտեմբերի 19–ին Քննչական կոմիտեն հայտնել է, որ հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է։